Անհասկանալի է, թե ինչու Հայաստանի իրավապահ մարմինները չեն կարողանում պատասխանել Պերմյակովի գործով տարրական հարցերին։ Այս մասին փետրվարի 4-ին խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիրը հստակ սահմանում է, որ իրավախախտում թույլ տված զինծառայողները պետք է գտնվեն Հայաստանի իրավազորության տակ։ «Կարծես թե ի հեճուկս Հայաստանի օրենսդրության՝ Պերմյակովին հանձնել են Գյումրիի 102-րդ ռազմաբազային։ Ինչու՞։ Պատասխանեք այս պարզ հարցին»,- ասել է Փաշինյանը։
Հարցին ի պատասխան՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանի քննչական մարմինները օժանդակում են հարցի այնպիսի լուծմանը, որը առավելագույնս արդար կլինի։ «Խոսքը գնում է նաեւ հասարական ընկալմամբ արդարության մասին։ Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահ մարմինների համատեղ աշխատանքի վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն, քանի որ քաղաքական հայտարարությունները կարող են խանգարել իրավական գործընթացներին»,- նշել է նա։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Հունվարի 19-ին մահացել էր նաեւ ընտանիքի ամենափոքր անդամը՝ 6 ամսական Սերյոժան։ Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, որը ձերբակալվել էր նույն օրը կեսգիշերին հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քրեական օրենսգրքի համաձայն։ Սպանության մեղադրանքով գործ է հարուցվել նաեւ Հայաստանի քննչական կոմիտեում։











