Կառավարության շենքի մոտ այսօր՝ փետրվարի 5-ին, վաղ առավոտից տաքսի վարելու լիցենզավորման նոր կարգի դեմ բողոքող տասնյակ քաղաքացիներին քիչ առաջ մոտեցավ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ հավաստիացնելով, որ նոր օրենքը «շատ լավն է»:
Հավաքվածների հետ զրույցում նախարարն ասաց, որ նոր կարգը, որը նախատեսում է ամսական 12 հազար դրամ վճար, ավելի լավ օրենք է եւ ավելի է հեշտացնում վարորդների աշխատանքը:
«20 հազար տաքսու վարորդներ շատ լավ ընդունել են այս օրենքը, քանի որ այն շատ լավն է: Ինչո՞վ է լավ, որովհետեւ կարողանում ենք բոլորի համար հավասարություն ստեղծել: Օրենքի այս փոփոխությունը տաքսու վարորդների խնդրանքով է եղել, այլեւս չկան դեղին եւ սպիտակ համարանիշեր: Այսօր այս օրենքը հավասարություն է ստեղծել եւ երկու անգամ նվազեցրել է նախորդ վճարի չափը»,- ասաց Բեգլարյանը՝ դիմելով հավաքվածներին:
Նախարարը նշեց, որ այս օրենքից գոհ են տաքսու վարորդների մեծամասնությունը, իսկ այստեղ հավաքվածներն ընդամենը տեղյակ չեն, թե ինչ փոփոխություն է նախատեսվում այս նոր օրենքով եւ այդ պատճառով էլ բողոքում են: Նա հավաքվածներին խնդրեց բողոքի ակցիա իրականացնելուց առաջ հասկանալ, թե ինչ են ուզում իրականում:
Ինչ վերաբերվում է վարորդների մյուս բողոքին՝ կապված ավտոկայանատեղիների չլինելու վերաբերյալ, Գագիկ Բեգլարյանը վստահեցրեց, որ մայրաքաղաքում գործող 30-40 կայանատեղիներին շուտով նորերն են ավելանալու:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հետզհետե բողոքողների թիվն ավելանում է, կառավարության շենքի առջեւ է նաեւ նախարարը:
Նշենք, որ մասնավոր վարորդների համար նախատեսված պետական տուրքը ամսական նախատեսում է 12 հազար դրամ, իսկ տաքսի ծառայություններում՝ 30 հազար, որից 9.5 հազարը արտոնագրման վճարն է, 19.5 հազարը՝ եկամտահարկը։ Բացի դրանից, 4 մեքենայից ավելի ունեցող տաքսի ծառայությունների համար տարեկան տուրքը նախատեսված է 200 հազար դրամ: Օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:













