Հայաստանում այնպիսի իրավիճակ է ձեւավորվել, որ մեկ սխալ քայլը կարող է հանգեցնել նրան, որ ժողովուրդը դուրս գա փողոց: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԲՀԿ-ի նախաձեռնած խորհրդաժողովում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ ժողովրդի համբերությունը վերջանում է տնտեսական անկայունության պատճառով, որին գումարվել են Գյումրիի ողբերգական միջադեպը եւ Ադրբեջանի հետ սահմանին լարվածությունը:
«Մենք ժողովրդի հետ ենք, եւ մենք կստիպենք իշխանություններին, որպեսզի նրանք, վերջապես, գիտակցի իր պատասխանատվությունը ժողովրդի առջեւ: Որոշ քաղաքական ուժերի համար անտարբերությունն աշխատաոճ է դարձել: Շատերը նախընտրում են չեզոքություն պահպանել: Միաժամանակ, մենք միասնական մարզային շտաբների ստեղծում նախաձեռնեցինք, որպեսզի լինենք ժողովրդի կողքին, լսենք ժողովրդի ձայնը»,-վստահեցրեց Ծառուկյանը:

«Մարդկանց համբերության բաժակն իրոք լցվել է: Վերջին շրջանի մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Գյումրիի ողբերգությունը, սահմանային ընդհարումների հաճախացումը, անտանելի գնաճը, ֆինանսական շուկայի անկայունությունները, այն վերջին կաթիլներն էին, որոնք պետք է հուշեն իշխանություններին, որ ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին:

Մեկ անզգույշ քայլ, նույնիսկ մեկ անզգույշ բառ կարող են հարյուր-հազարավոր մարդկանց հանել փողոց, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի արդյունքում: Մի բան է հստակ՝ դա կլինի անկառավարելի, հզոր ալիք»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:

Միաժամանակ, ինքը՝ իշխանությունը չի շտապում կատարել ժողովրդի պահանջները, այդ թվում 12 կետերի մասով, որոնք ներկայացվել են կառավարությանը:

Հաճախ մոռանալով կամ փորձելով մոռացության տալ ճչացող սոցիալական, տնտեսական խնդիրները, իշխանություններն առաջ են քաշում արհեստածին հարցեր և օրակարգեր: Այդ ընթացքում խուսափում են կատարել նույնիսկ հիմնական քաղաքական ուժերի ներկայացրած ամենապարզ և ամենատեսանելի՝ 12 պահանջները:

«Ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ 12 պահանջ, ինչ է, երկրում այլ խնդիրներ չկա՞ն: Այսօր երկրում կա ոչ թե 12, այլ՝ 112 հարց եւ ավել: Սակայն մենք առաջ քաշեցինք  ամենահրատապ և արագ լուծում պահանջող խնդիրները, որոնց ուշացումը հղի է նոր պայթյուններով»,-նշել է Ծառուկյանը՝ խոստանալով, որ եթե իշխանությունը չկատարի ժողովրդի պահանջները, ապա ժողովուրդը պատրաստ է արտահերթ ընտրություններ պարտադրել իշխանություններին: