Գյումրիում հունվարի 15-ի բախումներին մասնակցելու կասկածանքով նախօրեին ձերբակալված Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանի հայրը պնդում է, որ իր որդուն ձերբակալել են առանց համապատասխան ծանուցագրի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողներին ասաց Մարտիրոս Ալեքսանյանը, որն այժմ Գյումրիի դատախազության մոտ է եւ պահանջում է ազատ արձակել իր որդուն։
«Ոչ մի անգամ ծանուցումով նրան չեն կանչել ոստիկանություն։ Եկել են ոստիկանության բաժնի աշխատակիցները, հրավիրել են Մարալիկի բաժին, հետո տեղափոխել Գյումրի։ Դեռ կասկածյալի վիճակում է գտնվում տղաս։ Նախնական 288-ի 4-րդ մասի հոդվածն է դրված վրան, խուլիգանության հատկանիշներն են։ Ինչպես բոլոր մասնակիցները, ինքն էլ իր բողոքն է ներկայացրել։ Միայն չեմ հասկանում, թե ոնց եղավ, որ մենակ իմ տղային ձերբակալեցին։ Չէ՞ որ էնտեղ հազարավոր մարդիկ կային»,- ասաց Մնացականի հայրը։
Նրա խոսքով՝ ինքը դեմ չէ քննությանը, ոստիկանությանն էլ տեղեկացրել է, որ որդին անհրաժեշտության դեպքում կներկայանա հարցաքննության՝ խնդրելով ազատ արձակել որդուն։
Մնացականի հայրը պատմեց, որ ինքը ազատամարտիկ է, նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում, որդին ծառայել է Ասկերանում։ «Իմ տղան շնորքով տղա է, չի կարող խուլիգանություն անել, ծառայության ժամանակ դիվերսիաներ է հետ մղել»։
Մարտիրոս Մնացականյանը նաեւ պատմեց, որ դեպքի օրվա տեսագրություններում երեւում է՝ ինչպես են իր որդուն դիպչում ցուցարարների նետած քարերը, ու ինչպես է նա փորձում հանգստացնել ցուցարարներին՝ կոչ անելով քարեր չշպրտել։
«Էդ երեկոյան իմ որդուն բերման չեն ենթասրկել։ 2 օր հետո են Մնացականին տարել, իսկ անձնագիրը իրենց մոտ էր, շաբաթ օրը նոր վերադարձրել են, երեկ երեկոյան ձերբակալել են»,- ասաց նա։
Մարտիրոս Ալեքսանյանը փորձում էր բարձրանալ Շիրակի մարզի դատախազի մոտ, սակայն նրան թույլ չտվեցին՝ պատճառաբանելով, որ դատախազը զբաղված է։
«Ես ուզում էի դատախազին մոտենալ, ասել, որ տղայիս ազատ արձակեն. նա փախնող մարդ չէ, մենք փախնող չենք։ Ցանկացած պահի ես իմ անձնագրով կներկայանամ, թող որդուս ազատ արձակեն»,- լրագրողներին ասաց Մնացականի հայրը։
Նրա խոսքով՝ Սառնաբյուրի իրենց համագյուղացիները այս պահին հավաքվել են գյուղում եւ ուզում են բողոքի երթով գնալ Գյումրի, սակայն ինքը համագյուղացիներին համոզել է առայժմ քայլեր չձեռնարկել։
Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն է: Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 10-ը քաղաքացի, 23-ը՝ ոստիկան:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:
.jpg)











