«Հիմնադիր խորհրդարանի» անդամները քաղաքացիներին կոչ են անում աջակցել հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպից տուժածներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Հանրապետության հրապարակում հրավիրած բացօթյա ասուլիսին ասաց «Հիմնադիր Խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը։

«Հունվարի 31-ին երեւանյան ռեժիմը եւ նրա ստեփանակերտյան մասնաճյուղը ոստիկանության հատուկ նշանակության ուժերի եւ խաժամուժի միջոցով լայնամասշտաբ ահաբեկչական գործողություն իրականացրին ավտոերթի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը արգելեց խաղաղ ավտոերթի մուտքը Արցախ: Ոստիականները չխնայեցին կանանց եւ անգամ երեխաներին: Ռեժիմի կազմակերպածի հետեւանքով վնասվել է շարժման մասնակիցների 20 ավտոմեքենա, խլվել եւ ոչնչացվել է շարժման լրատվական կենտրոնի երեք տեսախցիկ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ վնասի չափը կազմում է 35 հազար դոլարին համարժեք գումար:

Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ վնասված ավտոմեքենաների սեփականանետերերը «համեստ սոցիալական դիրք» ունեցող մարդիկ են եւ չեն կարող իրենց ուժերով վերականգնել վնասը:

Վարուժան Ավետիսյանը Հայաստանում եւ արտերկրում բնակվող հայերին խնդրեց օգնել վնասները վերականգնելու եւ շարժման համար նոր տեսախցիկներ գնելու համար:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: Նշենք, որ նրանք Արցախ էին մեկնել «Ցեղասպանության 100-րդ տարելիցն առանց ռեժիմի» կարգախոսով: