Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր՝ փետրվարի 5-ին, «Հիմնադիր խորհրդարանի» ասուլիսից դեռ մեկ ժամ առաջ հրապարակում հավաքվել էին մեծ թվով ոստիկաններ, որոնք իրենց հետ բերել էին մեքենաների տարհանման մի քանի քարշակ։
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանը» մտադիր էր այսօրվա բացօթյա ասուլիսին հրապարակում ցուցադրության դնել հունվարի 31-ին Բերձորում ոստիկանական ուժերի վնասած իրենց ավտոերթի մասնակիցների մեքենաները։ Վաղ առավոտից ոստիկանությունը խոչընդոտել էր այս նախաձեռությունը, մի քանի ավտոմեքենա տուգանային հրապարակ տեղափոխելով եւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին բերման ենթարկելով։
Ի վերջո, «Հիմնադիր խորհրդարանը» ստիպված եղավ ասուլիսը կազմակերպել առանց ավտոմեքենաների ցուցադրության։
Ոստիկանները տարածքում հսկողություն էին իրականացնում ամբողջ ասուլիսի ընթացքում։ «Հիմնադիր խորհրդարանի» հրավերով հրապարակում էին նաեւ ՄԻՊ աշխատակիցները։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել, որ Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են իրենց ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել բոլոր մեքենաները եւ դրոշները: «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը եւ երթի բազմաթիվ մասնակիցներ ստացել են մարմնական վնասվածքներ: Նշենք, որ նրանք Արցախ էին մեկնել «Ցեղասպանության 100-րդ տարելիցն առանց ռեժիմի» կարգախոսով:











