Գյումրիի՝ հունվարի 15-ի բախումների գործով ձերբակալվելուց երկու օր անց հասարակական ճնշման ներքո ազատ արձակված, Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը ոստիկանության կողմից որեւէ ճնշման չի ենթարկվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողներին ասաց Մնացական Ալեքսանյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։
«Շնորհակալ եմ բոլորից, ընդհանրապես, կցանկանամ մտնեք դրությանս մեջ, տանը սպասում է հիվանդ մայրս: Ուզում եմ առաջինն իրան տեսնեմ, ինձ թվում է՝ բոլորդ կհասկանաք, թե հայ տղու համար ինչ է իր հիվանդ մորը երկու օր չտեսնելը: Մնացած տեղեկությունները հետագայում, չենք կորի, մարդ ենք, կպարզաբանենք»,- լրագրողներին ասաց Մնացական Ալեքսանյանը՝ նշելով, որ ոստիկանության կողմից ընդհանրապես ոչ մի ճնշումների չի ենթարկվել:
Մնացական Ալեքսանյանի խոսքով՝ ինքը ոստիկանությունում ոչինչ չի ստորագրել, իր ձերբակալության որոշումն անսպասելի է եղել, իր կարծիքով՝ միայն լրատվամիջոցներում հայտնված տեսանյութերի հիման վրա։
Նշենք, որ Մնացական Ալեքսանյանը Գյումրիի բախումների գործով ձերբակալված առաջին անձն էր: Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 23-ը՝ ոստիկան:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:











