46-ամյա Անահիտ Խաչատրյանը, որը այսօր՝ փետրվարի 6-ին, վիրավորվել է Նոր Նորքի բնակարաններից մեկում նռնակի պայթյունի հետեւանքով, տանտիկնոջ քույրն է եւ նրա թոռնիկի՝ 4-ամյա Ելենայի դայակը։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին Դալլաքյանների հարեւանները։ Դեպքի պահին տանը եղել են միայն փոքրիկն ու դայակը։ Տան մյուս անդամները աշխատանքի են եղել։
Նռնակը պայթեցնելու կասկածանքով ոստիկանություն է տարվել Անահիտ Խաչատրյանի ամուսինը՝ 52-ամյա Մելիք Գալստյանը։ Նռնակը նա պայթեցրել է հյուրասենյակում։ Բնակարանն այժմ կապարակնքված է։
Հարազատներն ու հարեւանները կատարվածից ցնված են։
«Իրենք շատ իդեալական ընտանիք են: Ես ուղղակի գմփոց լսեցի, իջանք՝ արդեն ոստիկաններն այդտեղ էին։ Իմացանք, որ երեխան արթուն է եղել, տատիկի քրոջ հետ: Ըստ երեւույթին՝ մորաքրոջ ամուսնու մոտ է եղել նռնակը, բայց չգիտենք՝ ոնց է իր մոտ հայտնվել եւ ոնց է պայթել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հարեւանուհիներից Օֆելյա Խաչատրյանը, որը մյուս հարազատների հետ այժմ հիվանդանոցում է։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 4-ամյա Ելենային այժմ վիրահատում են։ Հարազատների խոսքով՝ վնասվել է երեխայի միայն ոտքերի հատվածը. նռնակը պայթելիս նա բեկորային վնասվածք է ստացել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17 շենքի բնակարաններից մեկում նռնակ են պայթեցրել: Երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և հնարավոր է, սպանություն է կատարվել: Անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանների ձեռնարկած արագ և անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել նշված հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող , 1963 թ. ծնված Մելիք Գալստյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
















