Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում այսօր՝ փետրվարի 6-ին, նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենա Դալլաքյանին արդեն 3 ժամից ավելի է՝ վիրահատում են։

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հավաքված են երեխայի ծնողները, հարազատներն ու հարեւանները։ Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը քիչ առաջ հարազատներին տեղեկացրեց, որ վիրահատությունը բավական բարդ է, երեխան բեկորային  վնասվածքներ ունի։ Նշենք, որ Ելենայի տատիկի քույրը՝ 46-ամյա Անահիտ Խաչատրյանը, որը դեպքի պահին նույնպես բնակարանում էր եղել եւ բեկորային վնասվածքներ էր ստացել մեջքի շրջանում, արդեն վիրահատվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։ Հարազատները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ նրա վիճակը կայուն է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման  կենտրոնից Նոր Նորքի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի  բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, հնարավոր է՝ սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնաբերել եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել  հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, 1963 թ. ծնված  Մելիք Գալստյանին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, որ Մելիք Գալստյանը տուժած Անահիտ Խաչատրյանի ամուսինն է, Անահիտը քրոջ՝ Ալվարդ Խաչատրյանի տանը նրա 4-ամյա թոռնուհուն էր խնամում։