Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում այսօր՝ փետրվարի 6-ին, նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենա Դալլաքյանի վիրահատությունն սկսելուց 4 ժամ անց բժիշկներին վերջապես հաջողվել է երեխայի մոտ կանգնեցնել արյունահոսությունը:
Փոքրիկ Ելենայի ծնողների խոսքով՝ բժիշկներն իրենց ասել են, որ վնասվել են երեխայի ոտքերի խոշոր զարկերակային անոթները։ Հիվանդանոցից առայժմ հրաժարվում են որեւէ տեղեկություն տրամադրել։ Բժիշկները հարազատներին ասել են, որ վիրահատությունը բավական ծանր է։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երեխայի հարազատները հիվանդանոցում դեռ սպասում են վիրահատության ավարտին։
Հիշեցնենք, որ դեպքի պահին Ելենան տանը իր տատիկի քրոջ՝ Անահիտ Խաչատրյանի հետ էր, որի վիճակը վիրահատվելուց հետո կայուն է։ Նռնակը պայթեցնելու կասկածանքով բերման է ենթարկել եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել Անահիտ Խաչատրյանի ամուսինը՝ Մելիք Գալստյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6-ին՝ ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, հնարավոր է՝ սպանություն է կատարվել: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 1969 թ. ծնված Անահիտ Խ.-ի ամուսինը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ձեռքին եղած նռնակը պայթեցրել է, ինչի հետևանքով Անահիտ Խ.-ն և 2011 թ. ծնված Է. Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնաբերել եւ ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող, 1963 թ. ծնված Մելիք Գալստյանին:











