«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ պայքարող «Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանին այսօր՝ հունվարի 7-ին, ժամը 19։00-ի մոտ, «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Հիշեցնենք՝ դրանից մոտ 40 րոպե առաջ Արտակ Խաչատրյանին, որի առեւանգման մասին այսօր առավոտյան լուր էր տարածվել, նրա եղբոր խոսքով, «ծեծված ջարդված, կիսագիտակից վիճակում» թողել էին նրա բնակարանի առջեւ ու հեռացել։

NEWS.am-ի թղթակիցը, որն այցելել է Արտակ Խաչատրյանի բնակարան, հաղորդում է, որ վերջինն իր հետ կատարվածի մասին առայժմ ոչինչ չի ասում։ Արտակ Խաչատրյանի եղբոր՝ Արտյոմ Խաչատրյանի խոսքով՝ եղբոր վիճակը ծանր է։

Նա եղբոր հետ կատարվածը բացատրում է նրա հասարակական գործունեության, մասնավորապես օրենքի դեմ ակտիվ պայքարի հետ։

Ավելի վաղ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը NEWS.am-ին ասել էր, որ Արտակ Խաչատրյանին առեւանգել են փետրվարի 7-ի առավոտյան Տոլստոյի փողոցից։ Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։