Նոր Նորքի 4-րդ զանգվածի 47-ամյա բնակչուհի Աննա Բադալյանը, որն այսօր՝ փետրվարի 9-ի լուսադեմին, իրեն եւ 9-ամյա որդուն բենզինով այրել էր սեփական բնակարանում, նման քայլի է դիմել ընտանեկան եւ ֆինանսական խնդիրների պատճառով: Հարեւանները NEWS.am-ին պատմեցին, որ նախկինում կինը եւս մի քանի նման փորձ է արել, որոնք իրենք են կանխել։
«Ամուսինն այստեղ չէր, արտագնա աշխատանքի էր: Ինքը պարտքեր ուներ խանութներին, չէր կարողանում երեխուն պահել, ամուսինն էլ փող չէր ուղարկում: Մենք ենք հարեւաններով մի քանի անգամ փող հավաքել, ուտելիք բերել, դպրոցից էին օգնում, բայց չէր հաշտվում էդ ամեն ինչի հետ: Իր հոգեկանն արդեն խախտվել էր վերջին ամսում: Մի քանի անգամ բենզին ա բերել, ձեռքից ես առել, տարել եմ, վաճառքի կետում էլ զգուշացրել եմ, որ էլ բենզին չվաճառեն իրեն: Ասում էր՝ բերել եմ, որ ինձ վառեմ»,- NEWS.am-ին պատմեց հարեւաններից Յուրիկ Ֆարսյանը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում հարեւանները նկատել են, որ կինն ավելի անհավասարակշիռ է դարձել։ Նրանք NEWS.am-ին պատմեցին, որ կինը նման վիճակում է հայտնվել, երբ իմացել է, որ արդեն մի քանի ամիս ՌԴ-ում գտնվող ամուսինը վերադառնում է Հայաստան: Հարեւանների խոսքով՝ կնոջ ամուսինը խանդոտ էր, միշտ ծեծում էր նրան, Աննան ամուսնուց վախենում էր։
«Մարդը ծեծում էր միշտ, մազերից քաշում էր, դրա պատճառով անցած տարի փորձել էր իրեն մոստից գցել, բայց հետ էին պահել: Այդ ժամանակ էլ էր ամուսինը ծեծել, ամբողջ մարմինը կապտուկների մեջ էր: Ասում էր՝ ինձ մորթելն իր համար ի՞նչ է, երեխուս էլ կտանի, կգցի մանկատուն, նրան էլ կմորթի: Իսկ որ իմացավ՝ ձմեռը մարդը գալու է, էդ վախից ընկել էր դեպրեսիայի մեջ»,- պատմեց հարեւաններից մեկը՝ նշելով, որ ամուսնու հիվանդագին խանդի պատճառով կինը չի աշխատել, թեեւ մասնագիտությամբ բուժքույր է եղել:
Հարեւաններին Աննա Բադալյանը հաճախ է բուժօգնություն ցույց տվել, անգամ դեպքից մի քանի օր առաջ: Հարեւանների հորդորները ոչնչով չեն օգնել, նա վերջին մեկ ամսում անդադար կրկնել է, որ այդ կյանքով այլեւս ապրել չի կարող, ինքնասպան կլինի, դադարել է անգամ 9-ամյա որդուն դպրոց տանել։
Հարեւանները վստահեցնում են, որ փորձել են կանխել հնարավոր ողբերգությունը, մեկ ամիս առաջ Աննայի ինքնասպանության հերթական փորձից հետո զանգահարել են ոստիկանություն, որոնք եկել, գնացել են, բայց հետո դադարել են այդ հարցով զբաղվել։
Նշենք, որ կինը պատին գրություն է թողել. «Մեր մահվան պատճառն այդ սրիկան է» բովանդակությամբ:
Աննա Բադալյանի բնակարանն ամբողջովին այրվել է։ Լուսադեմին հարեւանները ծխի հոտ են զգացել ու հրշեջ ծառայություն ահազանգել։ Մորն ու որդուն դուրս են բերել պատուհանից։ Հարեւանների պատմելով՝ Աննան նախ որդու գլխին հարվածել է, հետո միայն հրկիզել։ Կարծում են՝ դա արել է, որ որդին ցավ չզգա։
9-ամյա տղան այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է, վիրահատել են նրա գանգաթաղը, վիճակը կայուն ծանր է։ Երեխայի աջ ոտքն այրված է: Հիվանդանոց տեղափոխված՝ երեխայի մոր մոտ նույնպես այրվածքներ կան, նրան տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել հրդեհի մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.27-ին:
Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով (28 ք.մ): Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել 47-ամյա Ա եւ 9-ամյա Ֆ. Ն.-ներին:











