Մի քանի հարյուր քաղաքացիներ, ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ ու «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներ այսօր՝ փետրվարի 9-ին, հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով բացահայտել եւ պատժել «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող Արտակ Խաչատրյանին առեւանգած եւ ծեծի ենթարկած անձանց։
Ակցիան անցնում է «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով։ Պատգամավորներից ակցիային մասնակցում են Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը, Ռուբիկ Հակոբյանը։
Պատգամավորներն իրենց ելույթներում հայտարարում են, որ կատարվածի պատասխանատուներն իշխանություններն են եւ երկրում տիրող «բեսպրեդելը»։
«Յուրաքանչյուրը պետք է մտածի, որ ինքը կարող է լինել Արտակի փոխարեն։ Սա ընդհանուր մտահոգության առիթ է, սա մտահոգիչ է նաեւ ազգային անվտանգության առումով»,- ասաց Ռուբիկ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին անհայտ դիմակավորված եւ զինված անձինք առեւանգել են։ Նույն օրը երեկոյան Արտակը տուն էր գնացել ծեծված, ապա տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։ Արտակն այժմ Վերակենդանացման բաժնում է։ Նա հասցրել է պատմել, որ իրեն մի քանի ժամ ծեծի են ենթարկել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։

















