«Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող Արտակ Խաչատրյանին առեւանգած եւ ծեծի ենթարկած անձանց բացահայտելու եւ պատժելու պահանջով բողոքի երթը քիչ առաջ կանգ առավ Նալբանդյան-Խանջյան խաչմերուկում: Երթի մասնակիցներին մոտեցած Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պահանջեց քայլել միայն ձախ մայթով՝ զգուշացնելով, որ ինքը թույլ չի տալու բողոքի ակցիան անցկացնել ոստիկանության մայթին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վիճաբանություն եղավ փոխոստիկանապետի եւ երթին մասնակցող ԲՀԿ-ական պատգամավորների միջեւ: Պատգամավորները համոզվեցին այն բանից հետո, երբ Վալերի Օսիպյանը նկատեց, որ նրանք, լինելով օրենսդիրներ, իրենք են խախտում օրենքը եւ սադրում իրավիճակի սրում:

Երթի մասնակիցներն այս պահին Խանջյան փողոցում են՝ ոստիկանության դիմացի մայթին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ակցիային, որն անցնում է «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսի ներքո, մասնակցում են նաեւ ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին անհայտ դիմակավորված եւ զինված անձինք առեւանգել են եւ նույն օրը երեկոյան Արտակը տուն էր հասել ծեծված վիճակում, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։ Արտակն այժմ Վերակենդանացման բաժնում է։

ԲՀԿ-ական  պատգամավոր Վահան Բաբայանը, որը զրուցել էր Արտակի հետ, պատմել է, որ  նրան մի քանի ժամ շարունակ դաժանաբար ծեծել են՝ գլխին պարկ եւ ձեռքերին շղթաներ հագցրած, այնուհետեւ ավտոմեքենայով տարել եւ քաղաքի ծայրամասերից մեկում թողել: Արտակ Խաչատրյանը պատահական մեքենայով հասել է տուն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։