Եթե սեղմ ժամկետներում Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկողները չբացահայտվեն եւ չպատժվեն, ԲՀԿ-ն բարձրացնելու է բազմաթիվ հրաժարականների պահանջ: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, ոստիկանության առջեւ եռյակի պատգամավորների եւ հարյուրավոր առեւտրականների մասնակցությամբ ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե այս գործը սեղմ ժամկետներում չբացահայտվի, դա կնշանակի, որ իշխանություններն ի վիճակի չեն ապահովել իրենց երկրի քաղաքացիների անվտանգությունը: Այս գործի բացահայտումը նաեւ ոստիկանության եւ իրավապահ համակարգի պատվի խնդիրը պետք է լինի: Մենք պահանջում ենք շատ կարճ ժամանակահատվածում բացահայտել եւ կատարողներին, եւ պատվիրողներին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ վստահություն հայտնելով, որ կատարվածը որեւէ անձնական շարժառիթ չի ունեցել, այլ պատվեր է եղել, որը կապված է Արտակ Խաչատրյանի հասարակական գործունեության հետ:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ վերջին շրջանի հաշվեհարդարները խոսում են այն մասին, որ մենք ապրում ենք ոչ թե ապահով, այլ գանգստերական Հայաստանում, եւ որ կատարվածի պատասխանատուն իշխանություններն են:

«Սա սիցիլիական բանդիտիզմի երկիր չէ, սա ապահով Հայաստանն է: Ամբողջ տարածքը զինված է եղել տեսախցիկներով, եւ եթե այս խայտառակ հանցանքը հաշված օրերի ընթացքում չբացահայտվի, ուրեմն հնչելու են բազմաթիվ հրաժարականների պահանջներ»,- նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Հավաքվածները մի քանի օր ժամանակ տվեցին ոստիկանությանը՝ դեպքը բացահայտելու համար, հայտարարեցին, որ կսպասեն բացահայտմանը եւ ցրվեցին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ակցիային, որն անցնում է «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսի ներքո, մասնակցում են նաեւ ԱԺ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան տեղեկություն էր տարածվել, որ Արտակ Խաչատրյանին անհայտ դիմակավորված եւ զինված անձինք առեւանգել են եւ նույն օրը երեկոյան Արտակը տուն էր հասել ծեծված վիճակում, այնուհետեւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին թոքերի սալջարդ, թոքերի դրենաժավորում արել, վիրահատել քիթը։ Արտակն այժմ Վերակենդանացման բաժնում է։

ԲՀԿ-ական  պատգամավոր Վահան Բաբայանը, որը զրուցել էր Արտակի հետ, պատմել է, որ  նրան մի քանի ժամ շարունակ դաժանաբար ծեծել են՝ գլխին պարկ եւ ձեռքերին շղթաներ հագցրած, այնուհետեւ ավտոմեքենայով տարել եւ քաղաքի ծայրամասերից մեկում թողել: Արտակ Խաչատրյանը պատահական մեքենայով հասել է տուն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արտակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։