Նոր Նորքի 4-րդ զանգվածում այսօր՝ փետրվարի 9-ի լուսադեմին, իրեն եւ 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով այրած 47-ամյա Աննա Բադալյանի ամուսինը, որը գտնվում է Ռուսաստանում արդեն տեղյակ է կատարվածի մասին, սակայն չի կարողանում վերադառնալ Հայաստան գումար չունենալու պատճառով: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աննայի ամուսնու քույրը՝ Կարինե Նահապետյանը:

«Եղբայրս էս վերջին ամիսներին չէր կարողանում Աննային գումար ուղարկել, սակայն խոսել էր Աննայի հետ, բացատրել վիճակը, կարծես ամեն ինչ հարթվել էր: Այսօր եմ խոսել եղբորս՝ Կարենի հետ, ու ինքն էլ զարմացավ, որ նման քայլի է կինը դիմել, որովհետեւ մեծ կոնֆլիկտ չի եղել, հիմա էլ գումար չունի, չգիտի՝ ոնց հասնի երեխային»,-պատմեց Կարինե Նահապետյանը:

Կարինեն պատմեց, որ դեռ ամուսնության առաջին օրերից եղբոր կնոջ մոտ տարօրինակություններ է նկատել, նույնիսկ կասկածել, որ նա հոգեկանի հետ կապված խնդիրներ ունի:

«Մի փոքր կոնֆլիկտից Աննան շատ էր բորբոքվում, ասում էր՝ կնստեմ տաքսի, կգնամ ինձ մոստից կգցեմ, բայց մտածում էինք՝ խոսում է, էլի»,-ասաց նա:

Աննայի ամուսնու քույրը պատմեց, որ չնայած ֆինանսական խնդիրներին, Աննան շատ հպարտ է եղել, ոչ մեկի օգնությունը չի ընդունել, աշխատանքից էլ դուրս է եկել՝ մտածելով, որ ամուսինը իրեն եւ երեխային կպահի:

Նշենք, որ Աննայի հարեւաններն ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էին, որ Աննա ամուսնու հիվանդագին խանդի պատճառով չէր գնում աշխատանքի՝ վախենալով, որ ամուսինն իրեն կսպանի։

Աննա Բադալյանի 9-ամյա որդու դպրոցի փոխտնօրեն Նարինե Բալասբեկյանը, որը տնօրենի հետ ասյօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էր գնացել երեխային տեսակցելու, NEWS.am-ին պատմեց, որ իրենք վաղուց են նկատել, որ Աննան դեպրեսիվ վիճակում է գտնվում, նույնիսկ այդ մասին ահազանգել են ոստիկանություն։

«Շատ վատ ֆինանսական վիճակում էր գտնվում, խանութներին պարտքեր ուներ, նույնիսկ մենք ենք ուսուցիչներով գումար հավաքել, փորձել նրան օգնել, բայց այնքան հպարտ էր, որ երկու ժամ հետո գումարը հետ էր տալիս: Նա դեպրեսիվ վիճակում էր, անընդհատ վախենում էր, ասում էր, որ ամուսինը գալու է, ծեծուջարդ  է լինելու, տունն է ձեռքից խլելու, երեխային է վերցնելու: Աննան ասում էր՝ ամուսինս չի տեսնի ոչ ինձ, ոչ երեխային»,-ասաց Նարինե Բալասբեկյանը՝ նշելով, որ իրենք անընդհատ հետեւում էին, որ Աննան երեխային դպրոց ուղարկի, քանի որ վախենում էին երեխայի համար:

Դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ դեկտեմբեր ամսից ինքը լուրջ անհանգստացել է Աննայի եւ երեխայի համար, նույնիսկ մի քանի անգամ այցելել է նրանց տուն:

«Մի քանի անգամ փորձել ենք օգնել, նույնիսկ պայմանավորվել էինք, որ մի մթերային խանութից մթերք վերցնի՝ պայմանով, որ ոստիկանությունը դրա համար կվճարի, կարծես ամեն ինչ հարթվում էր, ու այս դեպքը տեղի ունեցավ»,-ասաց նա:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի  վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Արթուր Տիգրանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 9-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է, նա գտնվում է հետվիրահատական շրջանում:

«Գանգուղեղային վնասվածքը հարվածի հետեւանքով է եղել, բայց թե ինչպես, այդ մասին չենք կարող ասել»,-ասաց նա:

Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ 47-ամյա Աննա Բադալյանի վիճակը ծայրահեղ ծանր է, այրվել է նրա մարմնի մակերեսի 75 եւ շնչուղիների 20 տոկոսը, ինչն անհամատեղելի է կյանքի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել հրդեհի մասին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքեխվյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.27-ին:

Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով (28 ք.մ): Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել 47-ամյա Ա եւ 9-ամյա Ֆ. Ն.-ներին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, որը խոշոր չափերի վնաս է պատճառել)։