Արագածոտնի Աղձք բնակավայրի արքայական դամբարանը տարածաշրջանում միակ պահպանված պատմամշակութային կոթողն է, որտեղ հանգչում են արքայական տոհմի աճյունները: Դամբարանի պեղումները, որոնք կսկսվեն մոտ ապագայում, ինքնաճանաչողության տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեն հայ ժողովրդի համար:

Այս մասին փետրվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, ծրագրի կատարող եւ արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ: Այն նախատեսվում է իրականացվել երկու փուլով: Ծրագրի առաջին փուլը կտեւի երեք տարի, որի ընթացքում կիրականացվեն անհրաժեշտ պեղման աշխատանքները: Ծրագրով նախատեսված դամբարանի պեղումները կսկսվեն մոտ ապագայում: Երկրոդ փուլում կիրականացվեն արդեն բարեկարգման աշխատանքներ դամբարանի տարածքում, որից հետո այն կվերածվի թանգարանի: «Պեղումներից հետո մենք նախատեսում ենք տարածքը բարեկարգել եւ վերածել թանգարանի, որպեսզի այդ հազվագյուտ պատմշակութային կոթողը դառնա Հայաստանի զբոսաշրջության գլխավոր վայրերից մեկը», - հայտարարեց Սիմոնյանը:

Նրա խոսքերով, ծրագրի առաջին փուլի իրականացման համար պատրաստ է ամեն ինչ: «Առաջին երեք տարիների աշխատանքների իրականացման համար տրամադրված է համապատասխան ֆինանսավորում 50 մլն դրամի չափով: Պատրաստ է բանվորական ուժը եւ արշավախումբը: Սպասում ենք՝ եղանակային պայամանները թույլ տան, եւ կսկսեն պեղումները», - տեղեկացրեց ծրագրի կատարող եւ արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը՝ հավելելով, որ նախկինում դամբարանի տարածքում երկու անգամ անցկացվել են պեղման աշխատանքներ, սակայն դրանք տարբեր պատճառներով չեն հասցվել տրամաբանական ավարտին:

Ներկայացնելով դամբարանի կառուցման պատմությունը՝ Սիմոնյանը նշեց, որ այն վաղ միջնադարում կառուցված եւ մինչ օրս պահպանված եզակի մշակութային ժառանգություն է տարածաշրջանում:

«Սա Արշակունիների թագավորական տոհմի դամբարանն է: Բացառիկ կոթող է մեր ինքնության, պետականության եւ ինքնաճանաչման առումով: Վաղ միջնադարյան մեր կառույցներից Աղձքը միակն է, որ ունի հստակ թվագրում: Այն կառուցվել է 4-րդ դարում՝ հայ-պարսկական պատերազմի ժամականահատվածում: Դամբարանին անդրադարձել են նաեւ հայ պատմիչները: Դամբարանը միակ կառույցը չէ տարածքում: Հարեւանությամբ գտնվում է նաեւ քրիստոնեական եկեղեցի: Մեր խնդիրն է պեղման ժամանակ հայտնաբերել հարակից կառույցները, քանի որ արքաների դամբարանին կից սովորաբար կառուցված են լինում այլ սպասարկող կառույցներ», - տեղեկացրեց նա:     

Լինելով մինչ օրս պահպանված եզակի դամբարանը՝ պեղումներն Աղձքում, Սիմոնյանի համոզմամբ, կարող են մեծ միջազգային հետաքրքրություն առաջացնել: «Վաղ միջնադարում Պարսկաստանի պարթեւական արքայական տոհմը իշխում էր տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում: Արշակունիների արքայական տոհմը սերում էր հենց պարթեւներից: Այս առոմով պեղումների ծրագիրը կարող է հետքրքրություն առաջացնել եւ´ Իրանում եւ´ Թուրքմենստանում, եւ Հայաստանը կարող է դուրս գալ միջազգային ասպարեզ», - նշում է Սիմոնյանը՝ չբացառելով, որ պեղումներից եւ տարածքի բարեկարգումից հետո Աղձքի արքայական դամբարանով կարող է հետաքրքրվել նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ–ն:

Հակոբ Սիմոնյանի փոխանցմամբ` արշավախումբը շտապում է սկսել Աղձքի պեղումները, որպեսզի այս տարի ապրիլի 24-ին Հայող ցեղասպանության 100-ամյա տերելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած պատվիրակությունները հնարավորություն ունենան ծանոթանալու վաղնջական հայկական միջնադարի հուշարձանին ու ավելի լավ ճանաչեն Հայաստանի պատմությունը: