Գյումրու «Մուշ 2» թաղամասում խորթ հորը՝ ազգությամբ քուրդ, Թուրքիայի քաղաքացի Էվիլիա Գյուլիշթեքինի սպանության համար մեղադրվող, ազգությամբ եզդի 24-ամյա Մաքսիմ Բաքոյանի գործով տուժողը հրաժարվեց փաստաբան Սուսաննա Մխիթարյանից՝ պատճառաբանելով, որ նրա անձի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք է նկատվում։

«Մենք հրաժարվում ենք Սուսաննա Մխիթարյանից,  քանի որ տեսնում ենք, թե ինչպես են իրեն ընդունում Մաքսիմի հարազատները։ Նրանք լարված են այս անձի դեմ, եւ ես չեմ ուզում այդպես լինի»,- ասված էր տուժողի  իրավահաջորդ, սպանված Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայր Ջենգիզ Չալիի նամակում, որը դատարանում կարդաց թարգմանչուհին։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ դատական նիստն այսօր սկսվել է սկանդալով. Մաքսիմ Բաքոյանի հարազատները հարձակվել էին տուժողի իրավահաջորդի շահերը պաշտպանող փաստաբան Սուսաննա Մխիթարյանի եւ Էվիլիայի հայազգի ընկերոջ վրա՝ նրանց անվանելով դավաճաններ։

Դատական նիստը նույնպես հարթ չընթացավ. տեսաձայնագրումն արգելելու միջնոդությամբ հանդես եկավ տուժողի իրավահաջորդը, ինչի պատճառով Մաքսիմ Բաքոյանի հարազատներն էլ ավելի բորբոքվեցին եւ դատարանից պահանջեցին  չբավարարել միջնորդությունը։ Դատարանի կարգուկանոնին չենթարկվելու համար  կարգադրիչները դուրս հրավիրեցին Մաքսիմ Բաքոյանի մի քանի հարազատների:

Դատական նիստի ավարտին կրքերը կրկին բորբոքվեցին. այս անգամ բարկացել էին  սպանվածի հարազատները։ Նրանք քրդերեն գոռգոռում էին դատարանի դահլիճում, թարգմանիչը փոխանցեց, որ նրանք արդար դատավարություն են պահանջում։

Մաքսիմ Բաքոյանի ազգությամբ եզդի հարազատները ընդհակառակը պահանջում էին արդարացնել Մաքսիմին՝ նշելով, որ խորթ հայրն է 2013թ.-ին Թուրքիայում սպանել տվել Մաքսիմի մորը եւ Մաքսիմի արածն ընդամենն արդարության հաստատում է եղել։

Դատական  նիստը հետաձգվեց մինչեւ փետրվարի 24-ը, մինչեւ այդ տուժող կողմը նոր փաստաբան կգտնի։

NEWS.am-ի հետ զրույցում Մաքսիմ Բաքոյանի փաստաբան Մամիկոն Մուրադյանն ասաց, որ նախաքննության ընթացքում նախաքննական մարմիները թերացել են՝ դեպքից անմիջապես հետո Մաքսիմ Բաքոյանի վարքագծի մասին փորձաքննություն չնշանակելով:

«Քրեական գործում այլ հանգամանքներ կան պարզելու, որ նախաքննական մարմինը չի  պարզել, եւ դրանք պարզելուց հետո ակնհայտորեն կերեւար, որ Մաքսիմ Բաքոյանին առաջադրված մեղադրանքն ուրիշ պետք է լիներ»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: 2014թ. մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել: Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։