ՌԴ մուտքի արգելքի պատճառով Հայաստանից Ռուսաստան մեկնել չկարողացող մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ այսօր՝ փետրվարի 12-ին, բողոքի ակցիա են անցկացրել Կառավարության շենքի մոտ` գործադիր մարմնին խնդրելով միջամտել եւ օգնել իրենց խնդրի լուծմանը (ֆոտոռեպորտաժ):

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարութուններին խնդրելու, որ վերացնեն այս արգելքը եւ թույլատրեն մեզ մեկնել աշխատանքի: Մեզ ոչ մի հիմնավորում չեն ասում, թե ինչու չեն թույլատրում մեկնել։ Մենք մտածում էինք, որ ԵՏՄ մտնելուց հետո ավելի լավ կլինի, բայց ավելի վատ եղավ, հիմա շվարել ենք, չգիտենք՝ ոնց պահենք մեր ընտանիքները»,-ասաց  բողոքող քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ Հայաստանում չեն կարողանում աշխատանք գտնել:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին, որ մինչեւ կառավարություն գալը իրենք դիմել են միգրացիոն ծառայությանը, հունվարի 22-ին վարչապետին նամակ էին հանձնել, սակայն ոչ մի պատասխան դեռ չեն ստացել։

Նշենք, որ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության եւ կիրառվող պրակտիկայում վերջին շրջանում տեղի ունեցած խստացումների արդյունքում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սկսել է կիրառվել ՌԴ մուտքի արգելանք` մինչեւ 10 տարի ժամկետով: Ռուսական աղբյուրների համաձայն Հայաստանից մոտավորապես 50-60.000 ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:

Այդ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության եւ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջեւ, համաձայն որի ՌԴ մուտքի արգելքը բացելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում եւ փոխանցվում են ռուսական կողմին: