Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն ապօրինի է պահվում Հայաստանի ռուսական ռազմաբազայում: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Սա ուղղված է մեր պետության սուվերենությանը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում չի գործում մեր պետության քրեական դատավարության եւ քրեական օրենսգրքի դրույթները եւ մենք պաշտպանված չենք: Մեր քաղաքացիների նկատմամբ իրականացվել է եղեռնագործություն եւ մենք այսօր չենք կարողանում քննություն իրականացնել մեր երկրում»,-ասաց Փոստանջյանը:
Ըստ Զարուհի Փոստանջյանի Պերմյակովին Հայաստանի իրավապահներին չհանձնեցին, քանի որ Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանության զգալի մասը:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ վիրավորական էր այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն հեռախոսազրույցի միջոցով ցավակցություն հայտնեց, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է:
«Մենք պատահական ժողովուրդ չենք Ռուսաստանի համար, մենք կարեւոր ժողովուրդ ենք եւ մենք պարտավոր ենք այնպես անել, որպեսզի մեր իրավունքները հարգվեն: Ցավալին այն է, որ ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ այսօր Հայաստանում նորից ՌԴ Դաշնության կողմից չեն հարգվում եւ խախտված են մեր իրավունքները»,-նշեց Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք. հունվարի 12-ի վաղ առավոտյան հանցագործը Գյումրիում գնդակահարել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Փոքրիկ Սերյոժային, զենքի խափանման պատճառով, հանցագործը դանակահարել էր: Չնայած բժիշկների ջանքերին՝ հունվարի 19-ին Սերյոժա Ավետիսյանը մահացավ:
Հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվում է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Հարուցվել է երկու քրեական գործ. ռուսական կողմը գործ է հարուցել «դասալքության» (ՌԴ Քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ մաս) եւ «սպանության» (ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մաս) հատկանիշներով:
Քրեական գործ է հարուցել նաեւ Հայաստանի Քննչական կոմիտեն: Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («երկու եւ ավելի մարդկանց սպանություն»):











