Սա միայն նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը չէ, սա ՀՀԿ խորհրդի որոշումն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝  մեկնաբանելով իշխող կուսակցության խորհրդի նիստում փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի քննադատությանը:

«Սա ՀՀԿ-ի միասնական դիրքորոշումն է այն  շանտաժի դեմ, որը  շաղախված է տգիտությամբ, այն ամենին, ինչը շաղախված է փուչ ելույթներով եւ դատարկամտությամբ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ում էլ կան մականունավորներ, ինչո՞ւ նրանց դեմ չեն խոսում, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ «նրանք կուսակցություն չեն ղեկավարում, չեն սնվում տարբեր քաղաքական շրջանակների տեքստերով, որոնք նրանք արտասանում են առանց հասկանալու, իսկ հետո հորանջում ու քնում, եւ  չեն սպասարկում տարբեր  մարդկանց քաղաքական շահերը»։

«Ուրեմն Գագիկ Ծառուկյանի մակարդակը մեր մարզպետի մակարդակի՞ն է, երեւի, թե դու դա ես ուզում ասել»,- հակադարձեց Արմեն Աշոտյանը, ավելացնելով, որ ՀՀԿ-ն եղել է հանդուրժողական՝ մտածելով, որ այս տարիների ընթացքում մարդիկ կվերացնեն այն տգիտությունը, որ ցուցաբերում են բացարձակապես բոլոր հարթակներում.

«Իմ համբերության բաժակը վաղուց էր լցված, այսօր լցվեց կուսակցության համբերության բաժակը»,- հավելեց նա:

Դիտարկմանը, թե այսօր լուրեր հրապարակվեցին, թե շուտով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա ակտիվ քաղաքականություն, Արմեն Աշոտյանն ասաց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է նախկին որպես նախագահի աշխատակազմի իշխանական պրոյեկտ, դա ո՞վ չգիտի։ Դուք 2006-2007թթ. չգիտե՞իք։  Կուսակցության նպատակն էր տրոհել իշխանական ռեսուրսը, եւ այդ պրոյեկտի շնորհիվ ապահովել, այժմ արդեն երկրորդ նախկին  նախագահի ներկայությունը Հայաստանի ներքաղաքական ներկապնակում։ Բայց մի  կարեւոր տարբերություն կա Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կերպար էր, նույնականացման նշան դնելը վիրավորանք է մեր պետականությանը, քանի Քոչարյանը տասը տարի ղեկավարել է մեր պետությունը:  Նույն վիրավորանքը կլինի նաեւ, եթե նման հավասարության նշան դրվի Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ»,- ասաց նա:

Հարցին, թե այս ամենը կապվա՞ծ է ՌոբերտՔոչարյանի անձի հետ, Արմեն Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ որոշումների վրա  Ռոբերտ Քոչարյանը ազդեցություն չունի. «Եթե դուք առաջ եք քաշում մի վարկած, որ Գագիկ Ծառուկյանին արհեստականորեն  հեռացնում ենք ԲՀԿ ղեկավարի պաշտոնից, որ նրա փոխարեն վերադառնա Ռոբերտ Քոչարյանը, ապա շատ հետաքրքիր վարկած է, շատ դիտարժան»։

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։