Ոստիկանությունը տեսանյութ է տարածել՝ 2014թ. դեկտեմբերի 31-ին կատարված մի դեպքի մասին՝ արձագանքելով լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, թե ոստիկանները ապօրինաբար բերման են ենթարկել մի քանի անձանց։
Ոստիկանության լրատվության վարչության հաղորդագրության մեջ ասվում է. «Անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00-ի սահմաներում, էրեբունի փողոցի 18 հասցեի դիմաց տեղի է ունեցել ավտովթար։ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները մոտեցել են վթարված մեքենաներին։ Նկատելով, որ ուղեւորուհիներից մեկը վնասվածք է ստացել, ռադիոկապով շտապօգնության կանչ են ավել։ Հետո սկվել է տարօրինակը. ավտոմեքենայի ուղեւորներ Կամո Հայրապետյանն ու Սիրակ Սաքանյանը, որոնք ոգելից խմիչքի ազդեցության տակ էին, սկսել են հայհոյանքներ տալ ոստիկաններին։ Ոստիկանները պահանջել են չխախտել հասարակական կարգը, ապա, քանի որ չեն ենթարկվել, վերջիններիս նստեցրել են պարեկային մեքենան։
Սրանից հետո գործողության մեջ են մտել ուղեւորուհիները։ Քրիստինե Մ.-ն, գետնից ապակու կտոր վերցնելով, սպառնացել է, թե կվնասի իրեն, հետո ապակին պահել է ոստիկանի վրա։ Իրավապահները ստիպված նրան էլ են նստեցրել պարեկային մեքենա։
Մյուս ուղեւորուհին՝ Քրիստինե Ն.-ն, գնացել է դեպի էրեբունու նախկին շուկայի տեղում գտնվող փոսը ու հայհոյանքներ տալով սպառնացել, թե իրեն կնետի փոսը, եթե ընկերներին բաց չթողնեն։
Այդ ընթացքում Հայրապետյանն ու Սաքանյանը հարվածել են ոստիկաններին։
Ոստիկանական վերակարգը ստիպված է եղել քառյակին բերման ենթարկել բաժին, որտեղ նրանք շարունակել են ինքնադրսեւորվել նույն ոճով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից որոշում է կայացվել Կամո Հայրապետյանին եւ Սիրակ Սաքանյանին քրեական օրենսգրքի 316-րղ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Խափանման միջոցը՝ կալանավորում։
Պարզվել է նաեւ, որ Քրիստինե Մ.–ն 2014 թ. դեկտեմբերի 16-ից քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով գտնվում էր հետախուզման մեջ։











