Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր՝ փետրվարի 13-ին՝ Տյառնընդառաջի տոնին, մատուցվեց սուրբ պատարագ, որից հետո եկեղեցու բակում վառվեց հսկա խարույկը, որի շուրջ հավաքվել էին հարյուրավոր հավատացյալներ եւ նորապսակներ։ Հավաքվածները ցատկեցին խարույկի վրայով, շուրջպար բռնեցին եւ կրակ տուն տարան։
Տյառնընդառաջ նորապսակներին նվիրված հայկական տոն է: Նախապես Տյառնընդառաջը հեթանոսական տոն է եղել եւ կոչվել է Տրընդեզ, որը լավ բերքի մաղթանք է։
Երբ Հայաստանը քրիստոնեություն ընդունեց, փոխվեց նաեւ տոնի անվանումն ու էությունը: Տոնի գլխավոր մասնակիցները դարձան պատանիներն ու աղջիկները. նորապսակները կամ նրանք, ովքեր պատրաստվում են ամուսնանալ:
Տոնի գլխավոր բաղադրիչներից է խարույկը, որի վրայով ցատկում են սիրահար զույգերը: Համարվում է, որ եթե նրանք կարողանան ցատկել՝ առանց ձեռքերը բաժանելու, ապա ընտանիքն ամուր կլինի, իսկ սերը՝ հավերժ: Նրանց հետեւից խարույկի վրայով ցատկում են երեխա չունեցող կանայք՝ հույսով, որ կրակը կօգնի հղիանալ: Վերջում բոլորը ձեռք-ձեռքի շուրջպար են բռնում:
Photo byԱրսեն Սարգսյան/NEWS.am











