Գյումրիում Ավեիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը այսօր՝ փետրվարի 14-ին, սպանվածների հարազատների հետ հանդիպմանը քննարկել է գործի հետ կապված մի շարք հարցեր, որոնք առայժմ չեն հրապարակվում:
Սպանվածների հարազատները փաստաբանի հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում պատմեցին, որ իրենց դեպքի հետ կապված շատ քիչ մանրամասներ են հայտնի, սակայն շրջանառվող վարկածներին եւ սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորի՝ Վալերի Պերմյակովի՝ ջուր խմելու համար Ավետիսյանների տուն մտնելու վարկածին չեն հավատում, ավելին, համոզված են, որ Պերմյակովը մենակ չի եղել:
«Մենք մտածում ենք, որ էդ մեկ հոգու բան չէ, որովհետեւ էդ 7 հոգանոց տան անդամներից 5-ը մեծ մարդիկ էին, եթե ինքը մի սենյակից սկսեր մեկին կրակել, գոնե մի երկուսը կպաշտպանվեին, եւ հետո վերջին սենյակում էլ դուռ է եղել, ինքը կարող էր ներսից փականը փակել եւ օգնություն կանչել»,- ասաց սպանված Հասմիկի քույրը՝ Ջուլիետա Ջալալյանը:
Ավետիսյանների հարազատները շարունակում են պահանջում են, որ Պերմյակովին հանձնեն ՀՀ արդարադատությանը, քանի որ նա ոճրագործությունը կատարել է Հայաստանի տարածքում: Հարազատների խոսքով՝ իրենք պայքարելու են մինչեւ վերջ, որպեսզի Պերմյակովին հանձնեն հայ իրավապահներին:
«Եթե ՀՀ-ում է տվյալ սպանությունը տեղի ունեցել ինչու՞ չպետք է մեր երկրում դատվի, եթե ինքը հանցագործ է, ի՞նչ գործ ունի ռազմաբազայի ներսում, հանցագործը պետք է լինի կակալանավայրում», -ասաց Հասմիկ Ավետիսյանի քույրը:
Սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցչի՝ Երեմ Սարգսյանի խոսքով, գործի հետ կապված ինքը հանդիպելու է նաեւ Ավետիսյանների հարեւաների հետ, պարզելու թե արդյո՞ք որեւէ մեկը հարակից տներից դեպքի օրը լսել է կրակոցի ձայն, թե ոչ:
«Օրինակ իմ մոտ հարց է առաջանում, թե ինչու են ասում՝ այս պահին խլացուցիչի վերաբերյալ հարց առաջադրելու հիմք իրենք չեն տեսնում, այսինքն՝ սա արդեն իսկ փորձում է հուշել, որ այնուամենայնիվ, նախաքննության տվյալ կա, որ ինչ-որ մարդ լսել է: Ես քրեական գործից դուրս տվյալներ ունեմ. անձ կա, որը որոշակի ձայն լսել է, թե ինչքանով է այդ ձայնը եղել կրակոցի, մի քիչ դժվար է ասել, որովհետեւ քնած վիճակում հնարավոր է՝ որ այդ պահին չլսվի, բայց քիչ հավանական է», -ասաց Երեմ Սարգսյանը:
Փաստաբանի կարծիքով՝ բացառվում է, որ Պերմյակովը 6 ամսական Սերյոժային սպաներ վախից ելնելով։
«Կարար այլ ձեւի լռեցներ երեխային, ինչո՞ւ է հենց այսպիսի դաժանություն ցուցաբերել, այսինքն՝ բազմաթիվ հարցեր կան, որոնք պարզել է պետք՝ արդյոք սա պատահական ընտրված ընտանիք էր, թե՞ իրականում այլ շարժառիթով էր, որն ավելի խորը արմատներ ունի, արդյոք միայնակ էր, թե՞ ոչ , ինչո՞ւ հագուստները թողեց։ Սրանք ուսումնասիրելուց եւ պարզելուց հետո կիմանանք բոլոր հարցերի պատասխանները»,- ասաց փաստաբանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա: Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:












