Իրենց աշխատավարձերի վերջնահաշվարկը պահանջող՝ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի աղբահանության եւ սանմաքրման նախկին աշխատակիցներին այսօր՝ փետրվարի 16-ին, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը խոստացել է, որ երկու ամսում գումարը կստանան։ Այս մասին քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո NEWS.am-ին ասացին հանդիպմանը մասնակցած աշխատակիցները:

«Քաղաքապետի օգնականը խոսք տվեց վերջնահաշիվը երկու ամսում տալ, բայց մենք էլի չենք հավատում: Երկու ամսում կամ էշը պիտի սատկի, կամ էշատերը: Երեք ամիս է՝ մեզ խաբում, ասում են՝ էսօր-էգուց: Էլ չգիտենք՝ ում դիմենք, ում դիմում ենք, ասում են՝ Հայաստանի կարգը էս ա: Մի ժամանակ տասը օրը մեկ էին կանչում, հիմա՝ երկու ամիսը մեկ: Մենք մեր աշխատած քրտինքն են ուզում: Բոլորս էլ տուն ունենք, վարկեր ունենք»,- ասաց Բադիր Խալիտովը:

Աշխատակիցներից մի քանիսը պատմեցին, որ մինչեւ հանդիպումը իրենց է մոտեցել քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցներից Արման Գալստյանը, որն վիրավորական խոսքեր է ասել, անգամ՝ հայհոյել է իրենց:

«Ինքը անպատիվ խոսքերով նենց քֆուր տվեց կանանց մեջ, որ իրավունքն չուներ նման բառ ասեր: Բա կարելի՞ է, որ ամենավատ խոսքերով մարդը քֆուր տա թե կանանց, թե տղամարդկանց: Կանգնած էին նաեւ ոստիկանության աշխատողները, որոնք կարգի չհրավիրեցին էդ մարդուն: Դե արի՝ էսքանից հետո հավատա, որ փող կտան»,- բողոքեց աշխատակիցներից Ասյա Սաֆոյանը:

Աշխատակցիները վաղը կրկին բողոքի ակցիա կանցկացնեն՝ այս անգամ նախագահական նստավայրի դիմաց:

Հիշեցնենք, որ «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի լուծարումից հետո աշխատակիցները ստիպել են եղել ազատման դիմումներ գրել, սակայն վերջնահաշվարկ այդպես էլ չի կատարվել: Աշխատակիցները նախորդ տարվա դեկտեմբերին աշխատել են մաքրության նոր օպերատոր «Սանիտեկ» լիբանանյան ընկերությունում, որն աշխատանքի դիմաց գումարի կեսն է վճարել: Աշխատակիցներն իրենց վերջնահաշվարկը եւ մեկ ամսվա աշխատավարձի կեսը ստանալու պահանջով մինչեւ այս բազմաթիվ բողոքի ակցիաներ են արել նախագահական նստավայրի եւ քաղաքապետարանի մոտ: