Իրենց աշխատավարձային պարտքերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի նախկին  աշխատակիցիները թերահավատորեն են մոտենում Կառավարության խոստումներին, ու թեեւ նախորդ օրը պատասխան էին ստացել, որ մինչեւ շաբաթվա վերջ աշխատավարձերի մարման ժամանակացույց կսահմանվի, նրանք այսօր՝ փետրվարի 17-ին, կրկին կառավարության շենքի մոտ էին:

«Փետրվարի 2-ին, երբ էներգետիկայի նախարարը եկավ գործարան, մինչեւ այդ մեզ պետք է պատասխան տային, բայց անցել է 14-15 օր, երեկ մեզ ասացին՝ մի շաբաթ էլ տվեք: Բա մինչեւ էդ ի՞նչ էին մտածում: Ուրեմն դա նշանակում է, որ հարցը լուծելու համար մենք ամեն օր պետք է գանք, որ իրենք զգոն լինեն»,- NEWS.am-ին ասաց նաիրիտցիներից Հեղնար Հարությունյանը:

Նաիրիտցիները որոշ ժամանակ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո հեռացան՝ այդպես էլ ոչ մեկի հետ չհանդիպելով: Նրանք վաղը կրկին կհավաքվեն:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: