Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է ատամնաբուժական բաժանմունքից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին` ժամը 14:00-ի սահմաններում. առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) «Նաիրի բժշկական կենտրոնի» ատամնաբուժական բաժանմունքի սպասասրահի բազմոցին դրված պայուսակից հափշտակել է քաղաքացու դրամապանակը, որի մեջ եղել է ինչպես կանխիկ գումար, այնպես էլ՝ բանկային քարտ:

Քննության տվյալներով՝ գողացված քարտով նույն օրը կատարվել է նաեւ գործարք եւ բանկոմատից կանխիկացվել գումար՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի նյութական վնաս:

Նախաքննության ընթացքում ստացվել է ատամնաբուժական բաժանմունքի անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որտեղ երեւում են երկու անհայտ անձինք՝ վերոնշյալ հանցավոր արարքի ենթադրյալ կատարողները։

Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին (անձանց) կամ որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: