ՌԴ մուտքի արգելքի պատճառով Հայաստանից Ռուսաստան մեկնել չկարողացող մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության մոտ էին՝ պահանջելու լուծում տալ իրենց խնդրին: Քաղաքացիները, որոնց մուտքի արգելքը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության պահանջները խախտելով, ՌԴ մեկնել չկարողանալու պատճառով կանգնել են տարբեր խնդիրների առջեւ:
«Անցալ տարի եմ եկել Ռուսաստանից, արգելքի տակ եմ: Սահմանված ժամկետից ավելի եմ ապրել Ռուսաստանում, ընդունում եմ իմ մեղքը: Բայց դրա համար թող տույժ նշանակեին, ես գնայի իմ ընտանիքի հետ ապրեի: Տղաներս, հարսներս, ամուսինս, թոռներս ապրում են Ռուսաստանում, այնտեղի քաղաքացի են: Ես հիվանդ եմ, եկել, սրտի օպերացիա եմ արել, հիմա չեմ կարողանում գնալ: Մենակ եմ ապրում, հարեւաններն են դեղ բերում, որ ինձ փրկեն: Հիմա արդեն էլ չգիտեմ ինչ անեմ, պատրաստվում եմ գնալ մոստից գցվել»,- NEWS.am-ին ասաց բողոքող կանանցից մեկը:
Բողոքողները նշեցին, որ իրենք դիմում են գրել ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավարի անունով՝ իրենց հանդեպ ՌԴ մուտք գործելու արգելքի որոշումը վերանայելու խնդրանքով, սակայն առանց հիմնավորման բացասական պատասխաններ են ստացել:
Բողոքող քաղաքացիներին մոտեցավ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը նրանց վստահեցրեց, որ իրենք հնարավոր ամեն բան անում են՝ խնդրին վերջնական լուծում տալու համար: Գագիկ Եգանյանը քաղաքացիներին տեղեկացրեց, որ վերջին երկու տարվա ընթացքում ՌԴ-ն անընդհատ խստացրել է իր երկրի միգրացիոն օրենսդրությունը, ինչի հետեւանքով էլ ստեղծվել է ներկայիս իրավիճակը:
«Ես չեմ բացողը, փակողը, դա Ռուսաստանն է: Իմ անելիքն այն է, որ ես անընդհատ խնդրեմ իրենց, ես չեմ կարող իրենցից պահանջել»,- հավաքավածներին դիմեց Գագիկ Եգանյանը՝ նշելով, որ երկկողմ համաձայնությամբ մշակված դիմումի ձեւը, որով քաղաքացիները կարող են խնդրել վերանայել իրենց նկատմամբ կիրառված մուտքի արգելքը, հավելյալ օգնություն է ՀՀ քաղաքացիներին:
Գագիկ Եգանյանը վստահեցրեց, որ ՌԴ ուղարկված՝ դիմումների 23 տոկոսի դեպքում դրական պատասխան է ստացվել:
Նշենք, որ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության եւ կիրառվող պրակտիկայում վերջին շրջանում տեղի ունեցած խստացումների արդյունքում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սկսել է կիրառվել ՌԴ մուտքի արգելանք` մինչեւ 10 տարի ժամկետով: Ռուսական աղբյուրների համաձայն Հայաստանից մոտավորապես 50-60.000 ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:
Այդ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության եւ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջեւ, համաձայն որի ՌԴ մուտքի արգելքը բացելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում եւ փոխանցվում են ռուսական կողմին:











