Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներն այսօր՝ փետրվարի 21-ին, հավաքվել են Ավետիսյանների տան բակում, որտեղից կմեկնեն գերեզմանատուն՝ սպանվածների քառասունքի հիշատակը խնկարկելու համար։ (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դաժան սպանությունից հետո առաջին անգամ այսօր հարազատներից 3-ին թույլ են տվել մտնել տուն՝ Ավետիսյանների լուսանկարները վերցնելու։

Ավետիսյանների տան բակը մարդաշատ է. այստեղ ոչ միայն հարազատներն են, այլեւ անծանոթներ, «Ժառանգություն» կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը։

Սպանվածների հարազատների խոսքով՝ դեպքից 40 օր անց իրենք որեւէ տեղեկություն չունեն քննության ընթացքից եւ վստահ չեն՝ արդյոք ի վերջո բացահայտվելու է գործը։ Նրանք սպառնում են կտրուկ գործողությունների դիմել։

«Մենք ոչ մի բանից չենք վախենում։ Եթե Հայաստանը չկարողանա լուծել այս հարցը, մենք կդիմենք Եվրադատարան։ Եթե Հայաստանը մեզ օգուտ չի տալիս, եթե նախագահը մեր կողքին կանգնած չէ, էլ ո՞ւմ ենք մենք պետք։ Մենք 3 օր էլ կսպասենք, ու եթե մինչեւ այդ նորություն չլինի, կտեսնեն, թե միտինգը որն է»,- լրագրողներին ասացին սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերը՝ նշելով, որ ընդհուպ բողոքի ակցիաներ կանցկացնեն նախագահական նստավայրի մոտ։

Հարազատները վստահ են, որ տեղի է ունեցել կազմակերպված սպանություն, ինչը նշանակում է, որ գործը երբեւէ չի բացահայտվի։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել  հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա: Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ: