Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հաշմանդամություն ունեցող աշխատակիցների եւ սահմանափակ կարողություններով այլ անձանց մասնակցությամբ այսօր՝ փետրվարի 23-ին, մեկնարկեց Հայաստանում ճապոնական կարատեի «JKA Armenia» ասոցիացիայի նախաձեռնած «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» խորագրով կարատեի դասընթացը։
Նախաձեռնությանն աջակցել է ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ունիսոն» ՀԿ-ն։ Դասընթացներին գրանցվել են հաշմանդամություն ունեցող ՏԿԱԻՆ 13 աշխատակիցներ։
«Մենք ցանկանում ենք, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ զբաղվեն սպորտով։ Հիմա մեր նախարարությունից 13-ն են գրանցվել։ Բոլորն էլ կպարապեն, եւ չեմպիոններ կունենանք»,-ասաց ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ավելացնելով, որ պարապմունքներին կարող է մասնակցել նաեւ սահմանափակ կարողություններով ցանկացած անձ։
«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքով՝ կարատեով զբաղվելով՝ հաշմանդամները եւս մեկ կարծրատիպ են կոտրում։
«Մարդիկ կարծում են, որ հաշմանդամությունը եւ սպորտը, հատկապես՝ կարատեն շատ հեռու հասկացություններ են, փորձում ենք հակառակը ապացուցել»,-ասաց Ալավերդյանը։
Նշենք, որ կարատեի առաջին պարապմունքին ներկա էր նաեւ ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը։











