Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայացած սգո արարողության ժամանակ ելույթի ընթացքում Ռուսաստանի ղեկավարը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության հետեւանքով 1.5 մլն հայ է զոհվել, ավելի քան 600 հազար մարդ բռնի տեղահանության եւ հետապնդումների է ենթարկվել (ֆոտոռեպորտաժ):
«Սիրիելի բարեկամներ, հարգելի տիկնայք եւ պարոնայք։
Շնորհակալ եմ Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին՝ այսօրվա սգո միջոցառումներին մանսակցելու հրավերի համար։
Մենք անկեղծորեն ապրումակցում ենք հայ ժողովրդին, որը վերապրել է մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը։ Ավելի քան մեկուկես միլիոն խաղաղ անձինք սպանվեցին, անդամախեղվեցին, իսկ 600 հազարից աելին աքսորվեցին իրենց տներից, ենթարկվեցին զանգվածային հալածանքների։ Ավերվեցին ճարտարապետության եւ հոգեւոր սրբությունների բազում ագին հուշարձաններ, այրվեցին հինավուրց գրքեր եւ անգին ձեռագրեր։
1915թ. իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում ընդունվեցին որպես սեփական ցավ։ Հարյուր հազարավոր, միլիոնից ավելի անզեն եւ տնազուրկ հայեր ապաստան գտան Ռուսական կայսրության տարածքում եւ փրկվեցին։
Հենց ռուսական դիվանագիտությունը հասավ հայ ժողովրդի նկատմամբ բռնության միջազգային դատապարտման։ Արտգործնախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան (Ֆրանսիայի նախագահը քիչ առաջ հիշատակեց դա)համատեղ հայտարարությունում տեղի ունեցածն անվանեցին մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործություն։
Նշեմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունները մշտապես առանձնացել են հոգեւոր մտերմությամբ ե փոխօգնությամբ։ Այդպես եղել է հարյուրամյա վաղեմության ողբերգական իրադարձությունների, Մեծ Հայրենական պատերազմի, Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։
Եւ այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ։
Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում ավելի քան երկու հազար հիշատակի միջոցառումներ են անցկացվում։ Դրանց մասնակցելու են ոչ միայն ՌԴ հայ համայնքի անդամներ, որոնց թիվը հասնում է գրեթե երեք միլիոնի, այլեւ այլ ազգերի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ:
Ռուսաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է հետեւողական: Մենք միշտ կարծել ենք, որ զանգվածային սպանությունները չեն կարող արդարացում ունենալ։
Ռուսաստանը մասնակիցն ու նախաձեռնողն է մի ամբողջ շարք միջազգային իրավական ակտերի, որոնք հիմք են դրել ժամանակակից միջազգային քրեական իրավունքին, այդ թվում ցեղասպանության հանցագործության կանխարգելման կոնվենցիային։
Միաջզգային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ անցյալի ողբերգական իրադարձությունները չկրկնվեն, որ բոլոր ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության եւ համաձայնության մեջ՝ չիմանալով սարսափը, որին հանգեցնում են կրոնական թշնամության, ագրեսիվ ազգայնամոլության եւ այլատյացության հրահրումը։
Ցավոք, այժմ աշխարհի բազում տարածաշրջաններում կրկին գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, իշխանության են ձգտում արմատական ազգայնականները, ուժ է հավաքում հակասեմիթականությունը, մենք տեսնում ենք նաեւ ռուսատյացության դրսեւորումներ։ Պետք է հարց տալ, ինչու է դա տեղի ունենում եւ որն է դրա պատճառը։ Եւ աշխարհի ճգնաժամային կետերում ցանկացած գործողությւոնից առաջ պետք է մտածել՝ ինչ կլինի հետո, մտածել հետեւանքների մասին։
Միաժամանակ, հիշելով անցած տարիների ողբերգական իրադարձությունները, մենք պետք է լավատեսորեն առաջ նայենք, հավատալ բարեկամության, բարիդրացիության եւ փոխօգնության գաղափարներին, սովորել բարություն եւ համաձայնություն, մեկս մյուսին հարգելու, իրար շահերը հարգելու իմացություն։ Միայն այդպես կարելի է աշխարհն ավելի լավտ, կայուն եւ անվտանգ դարձնել։
Մենք ձեզ հետ ենք»:











