Տաքսիների լիցենզավորման նոր կարգի եւ ավտոկայանտեղիների տուգանքների դեմ բողոքող՝ մի քանի տասնյակ անհատ տաքսու վարորդներ այսօր՝ մայիսի 1-ին, բողոքի ակցիա եւ ավտոերթ անցկացրին Երեւանում՝ պահանջելով լուծել իրենց բարձրացրած խնդիրները։
«Մեզ վարորդներ են դիմել, որոնք 30 անգամ 5000-ական դրամներով տուգանվել են սխալ կայանատեղիում կանգնելու համար, քանի որ չունեն կայանտեղի։ Տեսուչը ոչ թե պետք է 30 անգամ նրան տուգաներ, այլ քաղաքակիրթ ձեւով զգուշացներ, որ այդտեղ կանգնել չի կարելի: Մեր վարորդներից շատերը 50 000 դրամով են տուգանվել, քանի որ լիցենզավորման նոր կարգի համար չեն գրանցվել: Այս մարդիկ էլ ի վիճակի չեն համ ամսական 12 000 դրամ վճարել, համ էլ տարատեսակ տուգանքներ վճարել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» իրավաբան Մկրտիչ Մուրադյանը՝ նշելով, որ իրենք տուգանքների համար դիմելու են վարչական դատարան՝ վիճարկելու դրանք:
Նշենք, որ տաքսու վարորդների բողոքի ակցիային մասնակցում էր նաեւ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, որը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պետությունը տաքսու վարորդների համար շատ վատ պայմաններ է ստեղծել։
«Հիմա էս խեղճ տաքսու վարորդները ոչ պիտի քնեն, ոչ պիտի լողանան, ոչ հաց ուտեն, ամբողջ ամիսը աշխատեն, որ տուգանքները վճարեն: Այդ կերպ այս վարորդները պոտենցիալ հանցագործ են դառնում, քանի որ կարող են ուղեւորների կյանքին վնաս պատճառել: Ուղղակի այս մարդկանց շահագործում են»,-ասաց Արամ Մանուկյանը՝նշելով, որ եթե վաորդները դիմեն, ինքը հարցը կբարձրացնի խորհրդարանում։
Նշենք, որ բողոքի ակցիան հսկում էին մեծ թվով ոստիկաններ, այն ավարտվեց խորհրդանշական ավտոերթով:
Նշենք, որ տաքսիների լիցենզավորման նոր կարգի համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 25-ից մասնավոր տաքսիների դեղին համարանիշերը կրկին փոխվել են սպիտակի, տաքսի ծառայություն մատուցող մասնավոր ավտոմեքենաների դիմապակիների վրա պետք է փակցված լինեն ինքնակպչուն տարբերանշաններ, լիցենզիա ստանալու համար ամսական առավելագույն վճար է սահմանվել 12 հազար դրամը (ամենաթանկը Երեւան քաղաքում է), որի մեջ ներառված են պետական հարկերը, եւ լիցենզիայի տուրքը:











