Չինացի 20 տղամարդ մասնակցել է Մայրերի օրվան նվիրված հեռուստաշոուին: Ծրագրի մասնակիցները ցանկացել են սեփական փորձով հասկանալ, թե ինչ է նշանակում հղի լինել: Հղի կանանց զգացողությունները տղամարդկանց փոխանցել են հատուկ սարքերի միջոցով:

Ըստ Mirror-ի, փորձի մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է մոտ ապագայում հայր դառնա: Ներկայացվող տեսանյութում «տոնական» հեռուստաեթերից հատված է, որը, կարծես, այնքան էլ մեծ հաճույք չի պատճառել մասնակիցներին:

Հոլովակում երեւում է, թե ինչպես են արական սեռի երկու «ապագա մայրերը» ծամածռվում ցավից, երբ հաղորդավարը միացնում է ծննդաբերության զգացողությունները փոխանցող սարքը:

Vesti-ի փոխանցմամբ, շոուի հաղթող է ճանաչվել հրշեջը, որի ցավային շեմը 100 հնարավորից 80 միավոր է կազմել: Դա բացարձակ ռեկորդ է եղել:

Շոուի հեղինակների խոսքով, իրենց ծրագրի նպատակն է հանդիսատեսին հիշեցնել, թե ամեն օր որքան են տառապում հղի կանայք: