Դիմորդներից ոմանք դժգոհում են, որ «Կենսաբանություն» առարկայի շտեմարաններում հարցերը բառախաղի վրա է կազմված: Դիմորդներից Հասմիկ Ջինդարյանը, որը այսօր միասնական քննություն է հանձնոմ «Կենսաբանություն» առարկայից, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ստիպված է եղել անգիր անել դասագրքում գրվածը՝ հարցերին ճիշտ պատասխանելու համար:
«Մեկ տարի եմ պարապել «Կենսաբանություն» եւ «Քիմիա» առարկաները: Թեստերը գրելուց հավաքում եմ մինչեւ 18 միավոր: Քննական թեստի վերաբերյալ մի փոքր վախ կա սրտումս, որովեհետեւ հենց վերջին՝ 4-րդ շտեմարանում հարցեր կան, որոնք բառախաղի վրա են կազմված: Պետք է նախադասությունը գրքից զուբրիտ արած լինենք եւ նշենք հենց նույն հերթականությունը, որը որ գրքում է, այլապես սխալ ենք պատասխանելու»,- ասաց նա:
Մեկ այլ դիմորդ՝ Արտաշես Գրիգորյանը, որն ինքնուրույն է պարապել, նշեց, որ ինքը նույնպես շփոթեցնող հարցեր է գտել շտեմարանում:
«Կան հարցեր, որ եթե շատ խորանաս դրանցում, սխալ են, բայց ճիշտ են համարվում: Եթե «Կենսաբանության» ընդհանուր գրականությանը ծանոթ լինես, լիքը բաներ կան, որ հակասում են դասագրքերում եղածներին, իսկ քննական թեստերն էլ հենց դասագրքերի հիման վրա են ստեղծվում»,- ասաց Արտաշես Գրիգորյանը՝ նշելով, որ «Շտեմարանում» սխալներ է գտել, բայց ժամանակ չունենալու պատճառով դրանց մասին չի ահազանգել ԳԹԿ:
ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց, որ այս տարի իրենք ոչ մի ահազանգ չեն ստացել նոր շտեմարանում տեղ գտած սխալների վերաբերյալ: Նրա խոսքով՝ նորը նախորդների վերահրատարակված տարբերակն է, եւ դրանում շտկված են նախորդների սխալները:
Նշենք, որ դիմորդներն այսօր քննություն են հանձնում «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներից:











