«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ցանկանում է «Նաիրիտի» խնդրի հաշվին ճանաչում ձեռք բերել: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, կառավարության առջեւ նաիրիտցիների բողոքի հերթական ակցիայի ժամանակ  NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը՝ նշելով, որ իրենք չեն հրավիրել Անի Զախարյանին եւ չեն ցանկանում, որ նա ելույթ ունենա:

«Ինքը նոր քաղաքական գործիչ է, ուզում է ինքնահաստատվել եւ PR ակցիա է անում ու հիմա ինքը մեր հաշվին է PR անոմ: Մենք նրան չենք հրավիրել, չենք ուզում ելույթ ունենա ու մի հատ էլ ասի, որ մենք սխալ ուղիով ենք գնում»,-ասաց նա:

Քանի որ նախորդ անգամ Անի Զախարյանին բարձրախոս չէին տրամադրել այս անգամ կուսակցության նախագահն իր հետ բարձրախոս էր բերել, սակայն նաիրիտցիները նրան թույլ չտվեցին ելույթ անենալ:

Անի Զախարյանը, այնուամենայնիվ, ասաց, որ ինքը պահանջում է կառավարության հրաժարականը եւ կարող է նաիրիտցիներին ճիշտ ուղղու վրա դնել:

 Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: