Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները քիչ առաջ դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բացել Տիգրան Մեծ պողոտայի` Կառավարության  մոտ գտնվող հատվածը, որտեղ նստել էին մոտ 15 րոպե` պահանջելով հանդիպում վարչապետի հետ։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանությանը, որը համալրվել էր նոր ուժերով, հաջողվեց հեռացնել ցուցարարներին ճանապարհի երթեւեկելի հատվածից։ Նաիրիտցիներին համոզել է նաեւ երեքշաբթի իրենց ընդունելու վարչապետի խոստումը, որը գործարանի աշխատակիցներին փոխանցեց գործարանի մամուլի նախկին քարտուղար Անուշ Հարությունյանը։

Երեւանի փոխոստիկանապետն իր հերթին նաիրիտցիներին մոտ 15 րոպե համոզում էր դուրս գալ փողոցից։

«Դուք ճիշտ եք, էդ մայկայից տվեք, ես էլ հագնեմ: Ես էլ լինեի ձեր տեղը, կբողոքեի, բայց ամեն ինչ արեք օրենքի սահմանում»,– նաիրիտցիներին դիմեց Վալերի Օսիպյանը` միաժամանակ, կարգադրելով մոտեցնել ոստիկանական մեքենաները անհրաժեշտության դեպքում նրանց ուժով դուրս բերելու համար։

Նշենք, որ նաիրիտցիները հանդիպում էին պահանջում վարչապետի հետ եւ սպառնում, որ հակառակ դեպքում կշարունակեն քաղաքացիական անհնազանդություն դրսեւորել:

Այս անգամ աշխատակիցների մի մասն իրենց հետ բերել էինմանկահասակ զավակներին կամ թոռներին, որոնք նույնպես միացել էին նստացույցին։

Ի վերջո նաիրիտցիները հեռացան` որոշելով կրկին կառավարության մոտ հավաքվել երեքշաբթի` հունիսի 9–ին։ Նրանք նշեցին, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, այդ օրվանից անժամկետ նստացույց կսկսեն կառավարության շենքի մոտ։ 

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: