Տեսանյութը` Ժան Գալստյանի
Լոռու մարզում այսօր` հունիսի 6–ին, տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել NEWS.am–ին։ Նախնական տեղեկությունը, թե գազի բալոն է պայթել, չի հաստատվել։ Մեր տեղեկություններով` բռնկվել է գազի բալոնը շարժիչին միացնող խողովակը։ Ընդ որում, բախումը ծառին այնքան ուժգին է եղել, որ առջեւում նստած ուղեւորն ու վարորդը հարվածից դուրս են թռչել։
Վթարի հետեւանքով զոհված 22–ամյա Արման Տոնոյանը եւ 22–ամյա Արթուր Բալյանը Երեւանից են, նրանք միասին էին Լոռու մարզ գնացել իրենց ընկերների մոտ։ Արման Տոնոյանը, որը պատգամավոր Կարեն Կարապետյանի վարորդ Հրաչյա Տոնոյանի որդին է, թեեւ ծնունդով Տաշիրից էր, բայց բնակվում էր Երեւանում։ Երկուսի մարմիններն էլ արդեն տեղափոխվել են Երեւան։
Արման Տոնոյանը ԵՊՀ շրջանավարտ էր:

Արթուր Բալյանը սովորում էր Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում։

22–ամյա Կարեն Խաչատրյանը Էջմիածնից էր, բնակվում էր Տաշիրում։

21–ամյա Վանիկ Մարդոյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող էր, Մեծավանի բնակիչ։ Մարդոյանը Մեծավանի գյուղապետի քրոջ թոռն էր։

22–ամյա Գասպար Դուկեյանը նոր էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից։

24–ամյա Գեւորգ Պողոսյանը, որը ԱԱԾ աշխատակցի որդի է, մի քանի ամիս առաջ էր ամուսնացել։

24–ամյա Վահագ Ալբերտյանը ոստիկանության Տաշիրի բաժնի պետի տեղակալի որդին էր։ Մահացած բոլոր 7 երիտասարդները ընկերներ են եղել։ Բոլորի մարմիններն այսօր տեղափոխվել են Ստեփանավանի դիահերձարանից։
Հատուկ քննչական կոմիտեն հրապարակել է նաեւ փորսուղի լուսանկարը, որը, նախնական տվյալով, հայտնվել է մեքենայի ճանապարհին եւ դարձել ողբերգության պատճառ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարար ծառայությունը հունիսի 6-ին, ժամը 00.39-ին, փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել: Հրդեհից զոհվել են Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 1994թ. ծնված Վանիկ Մարդոյանը, 1991թ. ծնված Վահագ Ալբերտյանը, 1993թ. ծնված Արման Տոնոյանը, 1991թ. ծնված Գևորգ Պողոսյանը, 1993թ. ծնված Կարեն Խաչատրյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Գասպար Ղուկեյանը եւ Երեւանի բնակիչ՝ 1993թ. ծնված Արթուր Բալյանը:
Նախնական տվյալով` մեքենայի դիմաց փորսուղ է դուրս եկել, վարորդը փորձել է շրջանցել կենդանուն, մեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել ծառին, գազաբալոնը պայթել է, եւ երիտասարդները այրվել են:
Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման և դիակների հանման համար:
Հունիսի 6-ին, ժամը 09.06-ին հրշեջ-փրկարարները մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել դիակները և փոխանցել դիահերձարանի աշխատակիցներին։











