Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել հունիսի 3-ին Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դաժան սպանության մասին:

Հունիսի 3-ին`ժամը 00:10-ի սահմաններում, Երեւան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ շենքի մոտակայքից շտապօգնության 22 անձնակազմով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 42-ամյա Ազատ Առաքելյանը՝ պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով։ Ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով:

Մահանալուց առաջ Ազատ Առաքելյանը հասցրել է արտաբերել «Վաղո» անունը: Դեպքի վայրում հայտնաբերված Առաքելյանի բջջային հեռախոսի մեջ ոստիկանները տեսել էին, որ մահացածը վերջին անգամ խոսել էր Վանաձորի բնակիչ Վաղինակ Դերձյանի հետ: Նույն օրը նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Վաղինակ Դերձյանը ոստիկաններին պատմել է, որ դանակահարել է անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ: Ըստ իրեն՝ պատվի եւ ընտանիքի հարց է եղել, որի մասին չէր ցանկացել խոսել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանում հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 43-ամյա Ազատ Առաքելյանը եւ գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկանության փոխանցմամբ՝ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել պարանոցը կտրած վիճակում եւ 20 տեղից դանակահարված:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: