Նիդեռլանդներում անցկացվող «Հոլանդ փառատոնում», որն այս երկրում կայացող կատարողական արվեստների ամենահին եւ աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկն է, այս տարի ներկայացվել է Կոմիտասի երաժշտությունը մեծ շեշտադրումով եւ լայն անդրադարձ ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Փառատոնին մասնակցության հրավեր էին ստացել «Գյուրջիեւ» ժողովրդական նվագարանների համույթը: Յուրաքանչյուր տարի այս փառատոնում ներկայացվում են համաշխարհային դասական եւ ժամանակակից արվեստի լավագույն նմուշները:
Համույթը նոր է վերադարձել Հոլանդիայից, որտեղ ելույթ է ունեցել հայտնի «Մյուզիքգեբաու» եւ «Պոդիում Մոզաիկ» համերգասրահներում: Համույթի գեղարվեստական ղեկավար Լեւոն Իսկենյանը նախաբանով ներկայացրել է Կոմիտասի ստեղծագործական կյանքի եւ նրան նվիրված նոր նախագծի մանրամասները, որը կյանքի կկոչվի առաջիկայում: Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանի կատարմամբ եւ նույն ստեղծագործությունների` Լեւոն Իսկենյանի կատարած փոխադրումները ժողովրդական նվագարանների համար «Գյուրջիեւ» համույթի կատարմամբ:
«Գյուրջիեւ» համույթի երկու համերգներն անցկացվել են լեփ-լեցուն դահլիճներում եւ ընդունվել մեծ ոգեւորությամբ: «Դե Բալի» սրահում տեղի է ունեցել նաեւ քննարկում «Հիշողության արվեստը. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» խորագրով, որի ընթացքում դասախոսությամբ հանդես է եկել Ամստերդամի համալսարանի Ցեղասպանության ուսումնասիրությունների եւ մարդաբանության պրոֆեսոր, դոկտոր Թոն Զվանը: Հայոց ցեղասպանության` իրենց գործունեության վրա ունեցած ազդեցության մասին խոսել են նաեւ նկարիչ եւ պոետ Գրիգոր Մոմջյանը եւ ռեժիսոր Թինա Բաստաջյանը: Իսկ Կոմիտասի եւ Գյուրջիեւի գործերի կատարմամբ ներկայացել է «Գյուրջիեւ» համույթի գեղարվեստական ղեկավար, դաշնակահար Լեւոն Իսկենյանը:
Նշենք, որ համույթը եւ դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը ելույթ են ունեցել նաեւ Բրյուսելի Բոզար համերգասրահում` այն նվիրելով ցեղասպանության 100-ամյակին:
«Հոլանդ փառատոնին» «Գյուրջիեւ» անսամբլի մասնակցությունն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
«Գյուրջիեւ» համույթի ելույթներին եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին անդրադարձել են տեղի լրատվամիջոցները, այդ թվում հեղինակավոր NRC թերթը եւ VPRO հեռուստաալիքը:











