Դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո) իր հայտնիությունն օգտագործում է՝ ի նպաստ նստացույցի իրազեկման: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանը, որն արդեն 2 օր է՝ մասնակցում է Բաղրամյան պողոտայում  էլեկտրաէներգիայի սակագնի որոշման կասեցման պահանջով ընթացող նստացույցին:ծ

«Ես նստացույցին մասնակցում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի: Իմ մասնակցությունն օգնում է տեղեկատվության արագ տարածման: Ես իմ հայտնիությունն օգտագործում եմ՝ որպես իրազեկման միջոց»,- ասաց Կարգին Հայկոն:

Նրա խոսքով՝ իրենք հավատում են, որ որոշումը չեղյալ կհայտարարվի:

Ինչ վերաբերվում է ոստիկանության գործողություններին, հայտնի դերասանը նկատեց, որ ողջունելի է, որ ոստիկանները ուժ չեն կիրառում. «Հայերին պետք չէ բաժանել ոստիկանների եւ ոչ ոստիկանների: Հայաստանում կան մարդիկ, որոնք ուզում են՝ Հայաստանի համար լավ լինի, եւ հակառակը: Կարծում եմ, որ Հայաստանի լավն ուզող մարդիկ ավելի շատ են»:

Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո հայտնի մարդիկ եւ պատգամավորներն արդեն 2 օր է՝ կենդանի պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: