Գյումրիում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հայտարարված նստացույցի մոտ 200 մասնակիցներ, որոնք այսօր իրազեկման երթ են անցկացնում, այժմ գտնվում են Գյումրիի Անի թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցու մոտ, որտեղ նրանց են միացել այլ գյումրեցիներ։ NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ երթի մասնակիցներն  Սուրբ Հակոբ եկեղեցում աղոթեցին, որից հետո շարժվեցին Գյումրիի Թատերական հրապարակ, ճանապարհին 1 րոպե լռությամբ հարգեցին ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի «հիշատակը»։

Նշենք, որ ակցիային բացի երիտասարդներից մասնակցում են նաեւ տարեց մարդիկ իրենց թոռների հետ:

Հիշեցնենք, որ Երեւանում ընթացող բողոքի ակցիաներին եւ նստացույցին զուգահեռ Գյումրիում նույնպես ակցիաներ են կազմակերպվել:

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: