Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ճամբարները ռմբակոծելուց հետո պատասխան գործողությունների անցած քուրդ զինյալների մի մասը փակել է Թունջելի-Երզնկա ավտոմայրուղին եւ հավաքված քաղաքացիների համար հայտարարությամբ հանդես եկել։

Ինտերնետում հայտնված տեսանյութի մեջ երեւում է, որ հավաքված քաղաքացիների առաջ հայտարարությամբ հանդես եկող քուրդ զինյալը նշում է, թե Թուրքիայի իշխանությունները «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գլխավորությամբ երկիրը պատերազմի են տանում ու կոտորում քրդերին եւ PKK-ն այդ պարագայում չի կարող չդիմել պատասխան քայլերի։

Հայտարարության ավարտին հավաքվածներն աջակցություն են հայտնում PKK-ին, ծափահարում եւ վանկարկում են PKK եւ Օջալան։

Այնուհետ քուրդ զինյալները ի նշան բողոքի այրում են ճանապարհին գտնվող պետական ընկերություններին պատկանող բեռնատարները: