ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանը չի նկարահանվել թուրքական «Կոտրվող սրտեր» սերիալում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց դուդուկահարը՝ հավելելով, որ սերիալում հավանաբար օգտագործել են կադրեր`Թուրքիայում իր մասնակցությամբ համերգից:
«Տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը, ես այդ տեսանյութը չեմ էլ տեսել, ոչ էլ նկարահանվել եմ ինչ-որ տեղ: Ժամանակին Պոլսում համերգ եմ ունեցել ու նվագել եմ Հրանտ Դինքի ամենասիրած՝ «Սարի աղջիկ» երգը, երևի վերցրել և օգտագործել են տեսանյութում, բայց մինչև տեսանյութը չտեսնեմ, չեմ հասկանա` իմ նվագածն են օգտագործել, թե մեկ ուրիշինը»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ համացանցում հայտնվել է թուրքական «Կոտրվող սրտեր» սերիալի անոնսը, որտեղ մի դրվագ կա ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ, որը նվագում է «Սարի աղջիկը»:











