Վերջին երեք օրվա ընթացքում երկրորդ անգամ ուժեղ կարկուտ է տեղացել Վանաձորում։ NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ օգոստոսի 20-ին` ժամը 16:00-ի սահմանում շուրջ 20 րոպե տեղացած ուժեղ կարկուտը վնասներ է հասցրել Վանաձորում ու կից գյուղական համայնքներում: Քաղաքի տարբեր հատվածներում վնասվել են ինչպես մեքենաներ, այնպես էլ պտղատու ծառեր: Կարկուտն առավել ուժգին է եղել Վանաձորի Դիմաց, Բազում և Խնձորուտ թաղամասերում եւ մոտակա Շահումյան համայնքում:

Շահումյանի գյուղապետ Էդիկ Մանուկյանի խոսքով` կարկուտը գյուղին զգալի վնասներ է հասցրել: 

«Բերք ու բարիք չմնաց, ամենը հողին է հավասարվել: Էն խոտը, որը հնձելու էր, վեր ընկավ, որն էլ հնձած էր, էս քանի օրվա ընթացքում փտեց: Ծառի վրա էլ միրգ չի մնացել»,- ասաց գյուղապետը:

Վերջին երեք օրերի ընթացքում սա ուժեղ կարկտահարության երկրորդ դեպքն է Վանաձորում։ Վնաս կրած համայնքներում չեն շտապում հաշվարկել վնասի չափերը: Շահումյանի գյուղապետը ևս վնասի հաշվարկն անտեղի է համարում` ասելով, որ միևնույնն է, չեն կարողանալու գյուղացիների կրած վնասները փոխհատուցել: