«Մալաթիա» տոնավաճառի բացօթյա տարածքում գյուղմթերքի վաճառքով զբաղվող մի քանի տասնյակ քաղաքացիներն այսօր՝ օգոստոսի 24-ին, տնօրինության պահանջով լքել են տարածքը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վաղ առավոտից տարածքում ոչ մի աշխատակից չկա, այնտեղ ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել փողոցը երթեւեկելի դարձնելու համար: Բացօթյա տարածքում աշխատողների մի մասը տեղափոխվել է նույն շուկայի փակ տարածք, նրանք NEWS.am-ի հետ զրույցում դժգոհեցին այդտեղի պայմաններից:
Աշխատակիցներից 70-ամյա Վարդգես Ազատյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքային պայմանները շուկայի փակ տարածքում վատ են եւ չեն պատրաստվում այնտեղ երկար մնալ: Աշխատակիցները պատրաստվում են բողոքի ցույցեր սկսել՝ իրենց տարածքը վերադարձնելու պահանջով:
«Ես 70 տարեկան եմ եւ այստեղ ստիպված պատի տակ նստած՝ առանց աթոռի ու սեղանի, իմ ապրանքն եմ վաճառում: Մենք տնօրինությունից չենք դժգոհում, իրենք այսքանով են կարողանում մեզ ապահովել: Մեղավորները քաղաքապետարանն է, կառավարությունը, որոնք գյուղացիրներիս այս օրն են հասցրել: Մի կտոր հացի փող էինք աշխատում, բայց դրանից էլ զրկեցին»,-ասաց նա:
Աշխատակիցներից Արեւիկ Մելիքջանյանն էլ նշեց, որ այսօրվանից դարձել է գործազուրկ, քանի որ տեղ չունի իր ապրանքը վաճառելու համար եւ չի պատրաստվում ներսում կանգնել՝ այնտեղի վատ պայմանների պատճառով:
«Ես արդեն երկար ժամանակ է բացօթյա տարածքում եմ կանգնել ու իրացրել ապրանքս: Առավոտից եկել եմ եւ չգիտեմ ինչ անեմ, սա ինչ վիճակ է, ոնց կարելի է գյուղացիների հետ այսպես վարվել: Այս փողոցը երթեւեկելի դարձնելով՝ մի քանի տասնյակ առեւտրականների կտրում են հացի փող վաստակելու հնարավորությունից»,-նշեց նա:
«Մալաթիա» տոնավաճառի փոխտնօրեն Աշոտ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ տոնավաճառի բացօթյա տարածքը երթեւեկելի փողոց է՝ եւ այդտեղ չի թույլատրվում առեւտրով զբաղվել. «Արդեն փողոցի բարեկարգման աշխատանքներն են սկսվել եւ այն երթեւեկելի փողոց է դառնալու: Աշխատակիցներից շատերը ինքնակամ տեղավորվել են շուկայի փակ տարածք, իսկ մնացածն էլ այսօր դեռ չեն եկել»:











