Մարտի 3-ին Պռոշյան գյուղում հնչած կրակոցների գործով կասկածյալ, Պռոշյանի բնակիչ Նշան Ավետիսյանը օգոստոսի 12-ին ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

Դեպքը տեղի էր ունեցել Պռոշյան գյուղում՝ պուրակի եւ գյուղապետարանի դիմացի խաչմերուկում: Գյուղապետարանի պատին տեղադրված տեսախցիկները ֆիքսել էին կատարվածը:

Տեսանյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ առաջին անգամ մեքենայից տուժողին ինչ որ բան են ասում, կամ գուցե  սպառնում, այնուհետեւ նա վազում է մեքենայի հետեւից եւ ամենայն հավանականությամբ հայհոյում, ինչից հետո մեքենա հետ է վերադառնում եւ տեղի է ունենում հրաձգությունը:

Դեպքին ականատես վկան եւ մեքենայի համարանիշերն էր տեսել, եւ կրակողին էր ճանաչել: Նրա ցուցմունքի համաձայն կրակողը Պռոշյանի բնակիչ Նշան Ավետիսյանն է: Իրավապահները ոչ կասկածյալին, ոչ նրա մեքենան չէին հայտնաբերել:

Նշան Ավետիսյանը կալանավորված է քննությունը շարունակվում է: