Եթե անհրաժեշտություն լինի, ոստիկանները ոչ արտւոնված հավաքները կցրեն  պար հիշեցնող գործողության միջոցով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Ոչ»-ի ճամբարի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը կրկին «պարի» միջոցո՞վ է ցրելու ցուցարարներին:

«Եթե ցույցերը լինեն օրենքի սահմաններում, մենք չենք ցրի, հակառակ դեպքում՝ կպարենք»,- ասաց ոստիկանապետը:

Հարցին, թե ինչու վերջին ցույցի ժամանակ այդպիսի նոր տեխնիկա՝ «պար» փորձարկեց ոստիկանությունը, ոստիկանապետը պատասխանեց. «Լողանալուց հետո մի քիչ էլ պետք է պարել»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» շարժման ցույցը ցրելիս եւ պողոտան բացելիս ոստիկանները պար հիշեցնող յուրահատուկ «տեխնիկա» կիրառեցին: Ոստիկանները ձեռքները դիմացինի ուսերին դրած ինչ-որ ձայներ արձակելով առաջ շարժվեցին ու մխրճվելով ցուցարարների շարքերը, սկսեցին բերման ենթարկել նրանց: