Ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի տրամադրության տակ հայտնված կադրերում երեւում է ճանապարհին կանգնած երիտասարդների խումբը: Ինչ-որ պահի հանում է զենքն ու սկսում կրակել:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Վոլգոգրադի շրջանի Դերժինսկու թաղամասում՝ Կաչինսկի շուկայի մոտ։ Իրավապահ մարմիններում LifeNews-ի աղբյուրը հաղորդել է, որ կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել հարբած երիտասարդներին, որոնք հարսանիքից էին վերադառնում։ Լսելով մերժումը՝ նրանք ծեծել են տաքսու վարորդին, որը օգնության է կանչել իր ազգականին։ Հենց նա էլ, նախնական տվյալներով, ատրճանակից կրակ է բացել հարձակվողների ուղղությամբ։
Միջադեպի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, վեցը՝ տուժել։ Վիրավորներից մեկը 22-ամյա Արմեն Եղիազարյանն է. նա աջ ուսի հրազենային վիրավորում է ստացել, եւ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել ոստիկանության բաժանմունք։ 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը ձախ կոնքի հրազենային վիրավորում է ստացել ու տեղափոխվել բաժանմունք։
Փաստի առիթով ՌԴ Քննչական կոմիտեի Վոլգոգրադի շրջանի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել՝ «Սպանություն», «Ավելի քան երկու մարդու նկատմամբ մահափորձ» եւ «Զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով։











