Երևանի Աբովյան փողոցի նորակառույց Սուրբ Աննա եկեղեցում այսօր` սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ հոգեհանգստյան հատուկ արարողակարգ, իսկ եկեղեցու բակում` մոմավառություն` սեպտեմբերի 25-ին ԼՂՀ-ում զոհված չորս զինվորների հիշատակին:

Հոգեհանգստյան կարգն անցկացրեց Սուրբ Աննա եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ավետիս քահանա Դանիելյանը:

«Պետք է ավելի խորը հասկացվի մեր զինվորի արժեքը, նվիրվածությունը և քաջությունը: Այստեղ հավաքվել են շատ երիտասարդներ, որոնք ցույց են տալիս որ անտարբեր չեն: Ես շատ ուրախ եմ, որ երիտասարդները նման բան նախաձեռնեցին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեր Ավետիս քահանա Դանիելյանը:

Հոգեհանգստյան կարգից հետո երիտասարդները եկեղեցու բակում անցկացրի մոմավառություն` վառվող մոմերով գրելով «Հավերժ փառք»։ Միջոցառմանը մասնակցում էր մի քանի տասնյակ երիտասարդ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Եվս 16 զինծառայողներ վիրավորվել էին: