Աբովյանի առանձնատներից մեկում սեպտեմբերի 26-ին կատարված գողությունը բացահայտվեց 3 օրում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին մի քաղաքացի դիմել էր ոստիկանություն՝ հաղորդում տալով, որ իր տնից գողացել են կենցաղային եւ տնտեսական իրեր եւ գործիքներ՝ պատճառելով 700 հազար դրամի վնաս:

Ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցներն ուսումնասիրել էին տարածքում տեղակայված տեսախցիկները, սակայն կասկածելի ոչինչ չէին հայտնաբերել: 3 օր անց նրանք օպերատիվ տվյալներ են ստացել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ Արմեն Սարգսյանը, որը վարձով բնակվում էր այդ տանը:

Սեպտեմբերի 29-ին բերման ենթարկված Արմեն Սարգսյանը տվել է խոստովանական ցուցմունք:

«Ֆինանսական պրոբլեմներ եմ ունեցել, էդ տնից սպասք եմ վերցրել, տարել, ծախել եմ»,- ասել է նա:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արմեն Սարգսյանը ձերբակալված է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: